Հռոմի պապը նշել է ամուսնության մեջ 3 կարևորագույն բառերը
https://parstoday.ir/hy/news/world-i159966-Հռոմի_պապը_նշել_է_ամուսնության_մեջ_3_կարևորագույն_բառերը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ամուսնության մեջ երեք ամենակարևոր բառերն են՝ «խնդրում եմ», «շնորհակալություն» և «ներողություն», գրում է Daily Mail-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2021 14:50 Asia/Tehran
  • Հռոմի պապը նշել է ամուսնության մեջ 3 կարևորագույն բառերը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ամուսնության մեջ երեք ամենակարևոր բառերն են՝ «խնդրում եմ», «շնորհակալություն» և «ներողություն», գրում է Daily Mail-ը:

85-ամյա պոնտիֆիկոսն իր կիրակնօրյա ուղերձն այս անգամ նվիրել է ամուսնացած զույգերին՝ նրանց կոչ անելով ավելի շատ երեխաներ ունենալ՝ Իտալիայի ժողովրդագրական անկումը բեկելու համար: Իտալիայում գրանցվել է աշխարհում ամենացածր ծնելիության ցուցանիշներից մեկը:

«Միգուցե մենք չենք ծնվել բացառիկ, առանց խնդիրների ընտանիքում, բայց մեր ընտանիքը մեր պատմությունն է: Բոլորը պետք է մտածեն՝ դա իմ պատմությունն է: Դրանք մեր արմատներն են. եթե կտրենք դրանք, կյանքը կչորանա», - ասել է Հռոմի պապը:

Կաթոլիկների հովվապետը նշել է, որ համավարակով պայմանավորված արգելափակումները և կարանտինները ստիպել են ընտանիքներին ավելի շատ ժամանակ անցկացնել միասին:

«Մինչ այդ առկա խնդիրները սրվել են՝ առաջացնելով կոնֆլիկտներ, որոնք որոշ դեպքերում դառնում են գրեթե անտանելի։ Շատերն անգամ անցել են հարաբերությունների խզման միջով»,- ասել է Հռոմի պապը՝ զույգերին հիշեցնելով, որ ծնողների բաժանությունը չափազանց ծանր է երեխաների համար, որոնք ծնողներին ընկալում են որպես սիրո, վստահության և ուժի կայուն աղբյուր:

Նա կրկնել է այն գաղափարը, որը հաճախ օգտագործել է ընտանիքների և ամուսնական զույգերի հետ հանդիպելիս՝ թվարկելով ամուսնության երեք ամենակարևոր բառերը՝ «խնդրում եմ», «շնորհակալություն» և «ներողություն»:

Ֆրանցիսկոս պապն ընդգծել է, որ գիշերը քնելուց առաջ չհաշտվելը հաջորդ առավոտ կարող է հանգեցնել «սառը պատերազմի»:

«Քանի անգամ, ցավոք, կոնֆլիկտները ծագում են տան պատերի ներսում՝ երկարատև լռության և անզուսպ եսասիրության պատճառով: Երբեմն դա նույնիսկ ավարտվում է ֆիզիկական և բարոյական բռնությամբ։ Սա խաթարում է ներդաշնակությունը և սպանում ընտանիքը»,-ասել է պոնտիֆիկոսը։

Նա նաև ընտանիքներին հորդորել է ճաշի սեղանի շուրջ ցած դնել իրենց բջջային հեռախոսները և խոսել: «Ցավալի է ճաշի ժամանակ տեսնել ընտանիք, որտեղ յուրաքանչյուրն իր բջջային հեռախոսով է զգաղված, չեն խոսում միմյանց հետ, բոլորը խոսում են բջջային հեռախոսով», - ասել է նա:

tert.am