Կանադան դատապարտել է ԱՄՆ հանրապետականների աջակցությունն այդ երկրի ցուցարարներին
Կանադայի պաշտոնյաները դատապարտել են ԱՄՆ հանրապետական կուսակցության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությունը այդ երկրում Covid-19-ի հետ կապված և կարանտինային ռեժիմի դեմ բողոքող ցուցարարներին:
Օտտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսոնը երկուշաբթի օրը արտակարգ դրություն է հայտարարել, ասելով, որ Կանադայի մայրաքաղաքում շարունակվող բողոքի ցույցերը դուրս են եկել վերահսկողությունից: 2000 ոստիկան հսկում է ցույցերը:
Ցուցարարները մայրաքաղաք են հասել հունվարի 29-ին։
Շարժումը սկսվել էր պատվաստումների դեմ բողոքի ակցիայով: Այնուհետև ցուցարարները սկսեցին ընդդիմանալ առողջապահության նախարարության միջոցառումներին ու կիրառած սահմանափակումներին և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարության գործունեությանը:
Կանադայի առողջապահության նախարարը երկուշաբթի օրը միանալով երկրի այլ պաշտոնյաներին, ասել է, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամները պետք է ձեռնպահ մնան Կանադայի բողոքի ակցիաներին միջամտելուց:
Նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը Թրյուդոյին բնութագրել է որպես «ձախ խելագար», որը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար անտրամաբանական կարգադրություններ անելով կործանել է Կանադան: