Էրդողանը Կարո Փայլանին «դավաճան» է անվանել` կոչ անելով նրանից հաշիվ պահանջել
Ապրիլի 25-ին կայացած կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկարաշունչ ելույթ է ունեցել, որում բավական կոշտ արտահայտություններ է արել նաև Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի հասցեին` առանց նրա անունը տալու։
Փայլանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ խորհրդարան ներկայացված օրինագծի հարցում Էրդողանը մեղադրել է Փայլանի Ժողովրդական դեմոկրատական կուսակցությանը (HDP)` Թուրքիայի շահերին հակառակ գործելու համար։
«Կուսակցությունը հայերի անհիմն պնդումները դրոշ դարձնելով` համառորեն չի ուզում լինել այս երկրի կուսակցությունը»,- տեղական մամուլի փոխանցմամբ, ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ մեջլիսը Ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի ու «բարոյականության սահմանը խախտող ստորության համար հաշիվ կպահանջի ու կանի անհրաժեշտ ամեն ինչ»։
Էրդողանը բացահայտ հայտարարել է` իրեն դուր չի գալիս որ ընդդիմադիր այդ կուսակցությունը խորհրդարանի մի մասն է։
«Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ահաբեկչական կառույցի մաս կազմող այս դավաճանները խորհրդարանում նախևառաջ այս ազգի հարկերի ու վճարների հաշվին են սնվում, սա իմ ժողովուրդն այլևս չի կարողանում հանդուրժել»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Թուրքիայի խորհրդարանն ապրիլի 24-ին հետ էր ուղարկել հայ պատգամավոր Կարո Փայլանի` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի նախագիծը։
«Մեջլիսում երբեք թույլ չենք տա զրպարտել մեր ժողովրդին և պատմությունը»,- նախագիծը մերժելով` ասել էր Թուրքիայի մեջլիսի խոսնակ Մուստաֆա Շենթոփը։
Հիշեցնենք` Փայլանի նախագծով առաջարկվում էր Հայոց ցեղասպանության համար պատասխանատու անձանց անունները հանել հասարակական վայրերից։
Փայլանն առաջարկում էր նաև Ցեղասպանությունից տուժածներին ու նրանց հետնորդներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել։
armeniasputnik.am