ԼՂ Մարտակերտի ուղղությամբ անցկացված դիտարկման ժամանակ խախտումներ չեն արձանագրվել
Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի արևելյան ուղղությամբ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:
ԼՂ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ, գնդապետ Անդրեյ Բարաշկինը (Ռուսաստան):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար, գնդապետ Հանս Լամպալզերը (Ավստրիա)։
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: