ԼՂ Մարտակերտի ուղղությամբ անցկացված դիտարկման ժամանակ խախտումներ չեն արձանագրվել
https://parstoday.ir/hy/news/world-i17662-ԼՂ_Մարտակերտի_ուղղությամբ_անցկացված_դիտարկման_ժամանակ_խախտումներ_չեն_արձանագրվել
Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի արևելյան ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2016 10:16 Asia/Tehran
  • ԼՂ Մարտակերտի ուղղությամբ անցկացված դիտարկման ժամանակ խախտումներ չեն արձանագրվել

Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի արևելյան ուղղությամբ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:

ԼՂ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ, գնդապետ Անդրեյ Բարաշկինը (Ռուսաստան):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար, գնդապետ Հանս Լամպալզերը (Ավստրիա)։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: