Ցամաքած գետեր, չորացած բերք, ճաքճքած հողեր. Եվրոպայի երաշտը` լուսանկարներով
(last modified Sat, 13 Aug 2022 14:37:35 GMT )
Օգոստոս 13, 2022 19:07 Asia/Tehran
  • Ցամաքած գետեր, չորացած բերք, ճաքճքած հողեր. Եվրոպայի երաշտը` լուսանկարներով

Եվրոպայում վերջին վեց տասնամյակների ընթացքում այսպիսի շոգ և չոր եղանակ չի գրանցվել։ Տեղումները նորմայից 7 անգամ ավելի քիչ են եղել։

Աննախադեպ բարձր ջերմաստիճանի, սակավ տեղումների հետևանքով նվազել է Հռենոս գետի մակարդակը: Բնապահպանական խնդրի հետևանքով Գերմանիայում կրճատվել են գետով իրականացվող բեռնափոխադրումները, ավելի քան հինգ անգամ աճել` լոգիստիկ ծախսերը: Իտալիայի ամենաերկար Պո գետի ներկայիս պատկերը սարսափեցնող է։ Ավազե հսկայական ափերի փոխարեն ժամանակին գետի ջրերն էին հոսում: Ջերմաստիճանը երկրի ամբողջ տարածքում շարունակում է բարձրանալ:

Երաշտի առաջացրած աննախադեպ խնդիրներին է բախվում նաև Արևմտյան Եվրոպան՝ գետերում, լճերում և ջրամբարներում ջրի մակարդակը նորմայից չափազանց ցածր է, վտանգված են մի շարք բնակավայրերի խմելու ջրի մատակարարումները, բազմաթիվ սպառնալիքներ կան` կապված բերքատվության հետ:

Ֆրանսիայի կառավարությունն էլ հակաճգնաժամային շտաբ է ձևավորում երաշտի հետևանքների դեմ պայքարելու համար։ Հարյուրից ավելի ֆրանսիական համայնքներ խմելու ջրի հասանելիության լուրջ խնդիրներ ունեն, բերքը վտանգված է։ Ֆրանսիացի մասնագետների համոզմամբ, երկիրը կանգնած է ամենասարսափելի երաշտի վտանգի առջև:

Նիդեռլանդների իշխանություններն էլ քաղաքացիներին կոչ են անում հնարավորինս խնայել ջուրը՝ ավելի քիչ ժամանակ անցկացնել լոգարանում, չլվանալ մեքենաները։ Երկրի գետերից շատերն այնքան են ծանծաղել, որ պոմպերն այլևս չեն կարող աշխատել: