Երևանը, Բաքուն ու Մոսկվան առաջընթաց են գրանցել պայմանավորվածությունների հարցում. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i180822-Երևանը_Բաքուն_ու_Մոսկվան_առաջընթաց_են_գրանցել_պայմանավորվածությունների_հարցում._Լավրով
Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներից բաղկացած եռակողմ աշխատանքային խումբը զգալի առաջընթաց է գրանցել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Օգոստոս 31, 2022 13:59 Asia/Tehran
  • Երևանը, Բաքուն ու Մոսկվան առաջընթաց են գրանցել պայմանավորվածությունների հարցում. Լավրով

Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներից բաղկացած եռակողմ աշխատանքային խումբը զգալի առաջընթաց է գրանցել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։

Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Հարավային Կովկասում առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը լուծում է եռակողմ խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ, այն աշխատում է ռիթմիկ, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հարցերով հանդիպումներին զուգահեռ, որոնցից վերջինը տեղի է ունեցել օրերս»,– ասել է Լավրովը` հավելելով, որ խումբը առաջընթաց է արձանագրել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։

«Հուսով եմ, որ դրանք կձևակերպվեն շատ մոտ ապագայում: Հատկապես կարևոր է, որ այս աշխատանքն իրականացվում է ոչ թե վակուումում ու մեկուսացված, այլ ավելի լայն տրանսպորտային նախագծերի հետ սերտ համակարգմամբ, ներառյալ Հյուսիս-Հարավ միջանցքի նախագիծը, որում մեր իրանցի գործընկերները ևս հետաքրքրված են»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը նաև հայտնել է, որ իրանցի պաշտոնակցի հետ այսօր խոսել են Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև Ռեշտ-Աստարա մայրուղու փոքր երկաթուղային հատվածի վերականգնման շուրջ ընթացող քննարկումների մասին։ Նրա խոսքով, սեպտեմբերին արդեն ծրագրված են նախագծի շուրջ մասնագետների շփումներ։

«Ինձ թվում է, որ գործընթացը շատ լուրջ առաջընթաց է գրանցել։ Ինչ վերաբերում է դրա գլոբալ և տարածաշրջանային նշանակությանը, այն նաև բաղկացած է լոգիստիկ շղթաների կառուցումից, որոնք կլինեն անկախ այն երկրներից, որոնք ոչ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում տարածաշրջանում իրենց գործընկերների նկատմամբ` լինի դա Իրանը, լինի Ռուսաստանի Դաշնությունը, լինի դա որևէ այլ երկիր»,–ասել է Լավրովը:

Իրանցի պաշտոնյան էլ ասել է, որ Իրանն ունի շատ արտոնյալ աշխարհաքաղաքական դիրք։ «Տրանզիտային ուղիների ամրապնդումը, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ դիվերսիֆիկացված ուղիները, մենք ընկալում ենք որպես այս տարածաշրջանի զարգացման, ինչպես նաև պարենային անվտանգության կարևոր գործոն»,- ասել է նա։

Իրանի ԱԳ նախարարը վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ Ռեշտ-Աստարա անավարտ հատվածի շինարարությունն ավարտին հասցնելու հարցում։

Օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը:

Նիստը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

Մինչ այդ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Շահին Մուստաֆաևի ու Մհեր Գրիգորյանի հետ և ողջունել հանձնաժողովի աշխատանքների շարունակումը։

Կողմերը քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, հանգամանալից մտքեր փոխանակել հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի և հետագա աշխատանքների շուրջ:

Պայմանավորվել են համաձայնեցված ժամկետում անցկացնել երրորդ հանդիպումը։