Ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ողբերգությամբ՝ 129 զոհ
Ֆուտբոլի Ինդոնեզիայի առաջնության 11-րդ տուրի «Արեմա» - «Պերսեբայա» հանդիպումն ավարտվել է ողբերբությամբ։
«Արեման» պարտվել է 2:3 հաշվով։ Թիմի հազարավոր ֆանատներ ներխուժել են խաղադաշտ, սկսվել է ծեծկռտուք ոստիկանության հետ։
Հետագայում հայտնի է դարձել, որ 38 հազար տեղ ունեցող ստադիոնում հանդիպմանը ներկա է եղել 42 հազար երկրպագու։
Ինդոնեզիայի Արեւելյան Ճավա նահանգում ֆուտբոլային խաղի ժամանակ սկսված անկարգությունների պահին փախչել փորձող երկրպագուները ոտնահարվել են, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը եւ հավելում, որ մահացել է առնվազն 129 եւ վիրավորվել մոտ 180 մարդ:
Ոստիկանապետ Նիկո Աֆինտան ասել է, որ պարտված խմբի երկրպագուները ներխուժել են դաշտ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու եւ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, ինչի հետեւանքով սկսվե է իրարանցում, ոմանք շնչահեղձ են եղել:
Հիվանդանոցներից մեկի տնօրենն ասել է, որ տուժածներից մի քանիսը վիրավորում ունեն գլխի շրջանում, իսկ մահացածների թվում 5 տարեկան երեխա կա:
Ինդոնեզիայի Մարդու իրավունքների պաշտպանը նախատեսում է հետաքննել մարզադաշտի անվտանգության մակարդակը, ներառյալ արցունքաբեր գազի կիրառումը:
Երկրի անվտանգության հարցերով նախարար Մահֆուդ Մ. Դ.-ը իր ինստագրամյան էջում հայտնել է, որ մարզադաշտում կարող են լինել 38 հազար մարդիկ, սակայն վաճառվել է 42 հազար տոմս:
Հաջորդ տարվա մայիսին եւ հունիսին Ինդոնեզիան պետք է հյուրընկալի ՖԻՖԱ-ի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Ինդոնեզիան նաեւ այն երեք պետություններից մեկն է, որոնք հաջորդ տարի հավակնում են հյուրընկալել Ասիայի գավաթը: