Ալիևը հայտարարում է՝ Բաքուն կընդդիմանա ԵԱՀԿ ՄԽ-ն վերակենդանացնելու փորձերին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Բաքուն կընդդիմանա ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերին։
«Նրանք (Մինսկի խումբը) ոչինչ չեն արել իրենց մանդատի շրջանակներում։ Միակ բանը, որն արել է Մինսկի խումբը՝ օկուպացիան որոշակիորեն օրինականացնելու, ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև հավասարակշռություն ստեղծելու փորձերն էին», - Աղդամ քաղաքում, քաղաքաշինության թեմայով համաժողովին ելույթ ունենալով, հայտարարել է Ալիևը։
44-օրյա պատերազմից հետո մոտ երկու տարի եռանախագահության մակարդակով բանակցությունները, փաստացի, փակուղում էին։ Մինչ Հայաստանը խոսում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում կարգավորելու անհրաժեշտությունից, Ադրբեջանի նախագահ Ալիևը պնդում էր՝ նման հարց այլևս գոյություն չունի, Մինսկի խմբին էլ թոշակի է ուղարկել: