Կլաարը ՝ կողմերին կոչ է արել շարունակել խաղաղ համաձայնագրի քննարկումը
(last modified Wed, 12 Oct 2022 15:22:59 GMT )
Հոկտեմբեր 12, 2022 18:52 Asia/Tehran
  • Կլաարը ՝ կողմերին կոչ  է արել շարունակել խաղաղ համաձայնագրի քննարկումը

«Հենց Հայաստանի վրա են այսօր հարձակվել, գրավել նրա տարածքը, քանդել քաղաքացիական ենթակառուցվածքը»,-այս մասին Եվրախորհրդարանի պաշտպանության կոմիտեի նիստում հայտարարել է Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Սեպտեմբերի 13-ին եւ 14-ին լուրջ բախումներ են տեղի ունեցել, դա ամենալուրջ էսկալացիան էր 2020 թվականի հրադադարի պահից ի վեր։ Այդ իրադարձությունները գրավել են միջազգային հանրության ուշադրությունը, որը ջանքեր է գործադրում, որպեսզի մարտական գործողությունները չվերսկսվեն, կայունություն հաստատվի եւ շարունակվեն քաղաքական բանակցությունները», -նշել է պաշտոնյան։

Կլաարը վկայակոչել է համացանցում շրջանառվող ռազմական հանցագործությունների տեսագրությունները ՝ կոչ անելով բազմակողմանի հետաքննություն անցկացնել։ Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները լրջորեն հետաքննում են հայ ռազմագերիների գնդակահարության տեսագրությունները:«Անհնար է խաղաղություն կառուցել անպատիժ հանցագործությունների վրա», -հայտարարել է Կլաարը ՝ կողմերին կոչ անելով շարունակել խաղաղ համաձայնագրի քննարկումը:Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ԵՄ-ն պետք է օգնի Հայաստանին եւ Ադրբեջանին հաղթահարել իրավիճակը եւ հասնել արդար խաղաղության, որն ընդունելի կլինի երկու ժողովուրդների համար:

Անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ Կլաարը նշել է, որ Նախիջեւանի եւ Ադրբեջանի մնացած մասի միջեւ ավտոմոբիլային եւ երկաթուղային հաղորդակցությունը կարող է հաստատվել միայն այն ժամանակ, երբ բոլորին ակնհայտ կլինի, որ այդ ճանապարհները Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասն են: Նրա խոսքով ՝ այդ հարցը Բրյուսելում համաձայնեցվել է մայիսի 22-ին ։

yerevan-times.com