Եվրոպայում գնաճի դեմ անցկացվող ցույցերը կարող են քաղաքական բնույթ ստանալ
(last modified Sun, 23 Oct 2022 10:05:34 GMT )
Հոկտեմբեր 23, 2022 13:35 Asia/Tehran
  •  Եվրոպայում գնաճի դեմ անցկացվող ցույցերը կարող են քաղաքական բնույթ ստանալ

Ռումինիայում ցուցարարները շչակներ են հնչեցրել եւ թմբուկներով հարվածել՝ արտահայտելու գնաճի կապակցությամբ իրենց մտահոգությունը:

Ֆրանսիացիները դուրս են եկել փողոց՝ պահանջելու գնաճին համապատասխան աշխատավարձերի բարձրացում։ Չեխ ցուցարարները դեմ են արտահայտվել էներգետիկ ճգնաժամի կարգավորմանն ուղղված կառավարության գործողություններին։ Բրիտանական երկաթուղու անձնակազմը եւ գերմանացի օդաչուները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, գրում է AP լրատվական գործակալությունը`անդրադառնալով Եվրոպայում ընթացող բողոքի ակցիաներին։

Ամբողջ Եվրոպայում չդադարող գնաճն ուղեկցվում է բողոքի ակցիաներով եւ գործադուլներով, ինչն ընդգծում է կյանքի թանկացման հետ կապված աճող դժգոհությունը եւ սպառնում է քաղաքական ցնցումներ առաջացնել: Քանի որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը ստիպված եղավ հրաժարական տալ այն բանից հետո, երբ նրա տնտեսական ծրագիրը ավերածություններ առաջացրեց ֆինանսական շուկաներում եւ ավելի վնասեցին առանց այդ էլ տկար տնտեսությանը, քաղաքական առաջնորդների համար ռիսկն ավելի ակնհայտ են դարձել, քանի որ մարդիկ պահանջում են քայլեր ձեռնարկել:

Եվրոպացիները բախվում են էլեկտրաէներգիայի եւ պարենային ապրանքների գների կտրուկ աճին՝ ուկրաինական պատերազմի պատճառով: Թեեւ բնական գազի գներն իջել են ամառային ռեկորդային բարձր ցուցանիշներից, եւ կառավարությունները 2021 թվականի սեպտեմբերից տնային տնտեսություններին եւ ձեռնարկություններին տրամադրել են հսկայական 576 միլիարդ եվրո էներգետիկ աջակցություն, որոշ ցուցարարների համար դա բավարար չէ:

Էներգիայի գները եվրոգոտու 19 երկրներում գնաճը հասցրել են ռեկորդային 9,9%-ի, ինչը մարդկանց համար դժվարություններ է ստեղծել գնումներ կատարելու համար: Ոմանք այլ ճանապարհ չեն տեսնում, քան փողոց դուրս գալն է։

«Այսօր մարդիկ ստիպված են ճնշում գործադրել՝ աշխատավարձերի բարձրացման հասնելու համար», - ասել է բժիշկ Ռաշիդ Ուշեմը, ով Ֆրանսիայում ցույցերի մասնակցող ավելի քան 100,000 մարդկանց թվում էր:

Ուկրաինայում ընթացող պատերազմի հետեւանքները կտրուկ մեծացրել են Եվրոպայում քաղաքացիական անկարգությունների վտանգը, հայտնում է Verisk Maplecroft ռիսկային խորհրդատվական ընկերությունը: Եվրոպական առաջնորդները աջակցել են Ուկրաինային՝ զենք ուղարկելով եւ հեռանալով ռուսական էժան նավթից ու բնական գազից, սակայն անցումը հեշտ չի լինի`հատկապես հանրային աջակցության տեսանկյունից։

«Էներգետիկ ճգնաժամի արագ լուծում չկա», - ասում է Verisk Maplecroft-ի վերլուծաբան Թորբյորն Սոլտվեդը`նշելով, որ հաջորդ տարի գնաճը կարող  է ավելի վատը լինել:

Ֆրանսիայում, որտեղ գնաճը կազմում է 6,2%, ինչն ամենացածրն է եվրոգոտու 19 երկրների մեջ, երկաթուղու եւ տրանսպորտի աշխատողները, ավագ դպրոցի ուսուցիչները եւ հանրային հիվանդանոցների աշխատողները երեքշաբթի օրը պահանջել են բարձրացնել աշխատավարձերը։

Մի քանի օր անց հազարավոր ռումինացիներ միացել են Բուխարեստում անցկացվող ցույցին՝ բողոքելով էներգիայի, սննդի եւ այլ անհրաժեշտ ապրանքների բարձր գնի դեմ, որը կազմակերպիչների կարծիքով միլիոնավոր աշխատողների տանում է աղքատության:

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում դրոշներ ծածանող հսկայական ամբոխը պահանջում է արեւմտամետ կոալիցիոն կառավարության հրաժարականը՝ քննադատելով նրա աջակցությունը Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին։ Նրանք նաեւ մեղադրել են կառավարությանը նրանում, որ էներգետիկ ճգնաժամի հարցում բավարար չափով չի օգնում տնային տնտեսություններին եւ ձեռնարկություններին:

Թեեւ հաջորդ շաբաթ Պրահայում հերթական բողոքի ակցիան է նախատեսվում անցկացնել, առայժմ ցույերը երեւէ քաղաքական փոփոխության չեն հանգեցրել. երկրի իշխող կոալիցիան այս ամսվա ընտրություններում ստացել է խորհրդարանի վերին պալատի մանդատների մեկ երրորդը:

Բրիտանական երկաթուղու աշխատողները, բուժքույրերը, նավահանգստի աշխատողները, իրավաբանները եւ այլոք վերջին ամիսներին մի շարք գործադուլներ են կազմակերպել՝ պահանջելով ավելի բարձր աշխատավարձեր, որոնք համահունչ են գնաճին։

Գերմանիայում Lufthansa օդանավայաին ընկերության օդաչուների եւ Եվրոպայում ավիաընկերությունների եւ օդանավակայանների այլ աշխատակիցների վերջին գործադուլները, խաթարել են թռիչքները:

Թրասի տնտեսական խթանմանն ուղղված ձախողված ծրագիրը, որը ներառում էր հարկերի կտրուկ կրճատումներ եւ տասնյակ միլիարդավոր ֆունտ ստեռլինգ օգնություն՝ առանց հստակ վճարման ծրագրի, ցույց է տալիս այն փակուղին, որում հայտնվել են կառավարությունները:

news.am