Ռուսաստանը պատրաստ է ապահովել իր և դաշնակիցների անվտանգությունը
ՌԴ ԱԳՆ խոսնակլը հայտարարել է, որ Մոսկվան անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի՝ Արևմուտքի համակցված պատերազմում իր և դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է. «Ռուսաստանին զարմացրել է միջուկային ոլորտում Բելառուսի հետ Մոսկվայի ռազմական համագործակցության կապակցությամբ մի շարք արևմտյան երկրների արձագանքը և մտահոգություն հայտնելը: Մոսկվան իրեն իրավունք է վերապահում Արևմուտքի կողմից նախաձեռնված համակցված պատերազմի դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու իր և դաշնակիցների անվտանգությունը»։
Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենք են ներկայացրել «համատեղ միջուկային առաքելությունների» հայեցակարգը և հետևել դրան մի քանի տասնամյակ։ Զախարովան հավելել է. «Այս հայեցակարգի հիմքում ԱՄՆ-ին պատկանող միջուկային զենքի տեղակայումն է Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում և Թուրքիայում»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը հայտարարեց, որ ի պատասխան արևմտյան ռազմական գործողությունների ակտիվացման և ուկրաինական բանակին աջակցության աճի, Մոսկվան իր տակտիկական միջուկային զենքի մի մասը կտեղակայի Բելառուսում։