Իրվանին միջազգային օրենքների խախտում է որակել Սիրիայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումները
ԱԽ նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակներում, կազմակերպությունում ԻԻՀ ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին միջազգային օրենքների ակնհայտ խախտում է որակել Դամասկոսի դեմ Սիոնիստական ռեժիմի իրականացրած վերջին հարձակումները, որոնցից մեկի ժամանակ նահատակվեցին երկու իրանցի ռազմական խորհրդականներ:
Նշելով, որ հարձակումները նողկալի հանցագործություն են և Իսրայելի ագրեսիայի ու Սիրիայի տարածքում միջազգային օրենքների ակնհայտ խախտում, Իրվանին հավելել է, որ ռեժիմը շարունակում է Սիրիայի դեմ իր ագրեսիան՝ ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների լռության պայմաններում և առանց իր գործողությունների համար պատասխանատվություն կրելու:
Իրվանին նշել է. «Վերջին ամիսներին, խախտելով մարդասիրական օրենքներն Իսրայելը համակարգված կերպով և դիտավորյալ թիրախավորել է Սիրիայի կարևոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ Դամասկոսի ու Հալեպի միաջզգային օդանավակայանները, որոնք կարևոր նշանակություն ունեն երկրաշարժից տուժածների համար մարդասիրական օգնության տեղափոխման հարցում»:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հավելել է. «Միջազգային հանրությունը, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, պետք է վճռական միջոցներ ձեռնարկեն այդ գործողություններին վերջ դնելու և Իսրայելի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար: ԱԽ-ն պետք է հրաժարվի երկակի դիրքորոշումից և կատարի իր իրավական պարտավորությունները, դատապարտելով Իսրայելին՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրության շարունակական խախտումենրի համար»:
Իրվանին նշել է. «Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր ազգային անվտանգությունը և շահերը Իսրայելի ռեժիմի ցանկացած սպառնալիքից պաշտպանելու հարցում չի վարանելու ձեռնարկել միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխանող քայլեր»: