Երեւան–Մոսկվա–Բաքու տեսակամուրջ
«Այդ շնորհավորանքը կլինի` համապատասխան ձեւով»,- Երեւան–Մոսկվա–Բաքու տեսակամուրջի ժամանակ սպառնալիք հնչեցրեց Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի խորհրդական, քաղաքագետ Տոֆիկ Աբասովը` նաեւ հավելելով, որ ինքը համաձայն չէ խաղաղ բանակցություններին, քանի որ օրակարգը հստակեցված չէ. «Եթե պետք է խաղաղ բանակցենք 800 հեկտարը Հայաստանին վերադարձնել, ես համաձայն չեմ»:
ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը մինչ այդ առաջարկել էր, որ ադրբեջանական պատվիրակությունը 2016 թվականի սեպտեմբերի 2-ին մեկնի Ստեփանակերտ եւ շնորհավորի ԼՂՀ անկախության 25-ամյակի առիթով եւ դադարի մտածել սպառազինության եւ սեփական զինվորներին սպանելու մասին: «1988-91 թվականներին ԼՂՀ-ն հռչակեց իր անկախությունը: 25 տարի այն գոյություն ունի: Հաղթել է երկու ռազմական ագրեսիա: Ու հենց սա, կարծում եմ, պետք է հիմք լինի, որ Ադրբեջանի կառուցողական շարժվի`առաջինը ճանաչի ԼՂՀ-ն եւ նստի բանակցությունների սեղանին եւ քանի որ ասում են, թե մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեն, բանակցությունների սեղանի շուրջ թող բավական համոզիչ խոսակցություն վարեն»,- ասել էր նա: Տեսակամուրջի թեման էր`«Ռուսաստանի միջնորդության հեռանկարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»: ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն ընդգծեց, որ Ռուսաստանն իր հետաքրքրություններն ունի մեր տարածաշրջանում. «2013 թվականից Ռուսաստանը Հայաստանին ԵՄ անդամակցության տեսլականից դուրս բերելու քաղաքականություն էր վարում: Արդյունքում սկսեց զենք վաճառել Ադրբեջանին՝ ցույց տալու հայերին, թե տեսեք, այդ դեպքում ինչ կլինի Ձեզ հետ»: Իսկ ինչ վերաբերում է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ՌԴ ունեցած դերին, պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանը 22 տարի սպառազինվում էր ու ակնհայտ էր, որ ջանում է հարցը զենքի ուժով լուծել: «Ադրբեջանն է զանգել Ռուսաստանին ու խնդրել դադարեցնել ռազմական գործողությունը»,- ասաց Թեւան Պողոսյանը նկատելով, որ եթե իրեն զանգում է կոնֆլիկտի կողմը եւ ինչ-ինչ խնդրանքով դիմում, ուրեմն ՝ դերակատարում պետք է ունենա: Նա կարծում է, որ ապրիլի 6-ից մայիսի 15-ը Ադրբեջանում տեղի ունեցած տրանսֆորմացիայի պատճառը, ինչի արդյունքում Վիեննայի հանդիպման ժամանակ Ադրբեջանը համաձայնեց այն ամենին, ինչից 22 տարի հրաժարվել էր, հետեւյալն է. «ԼՂՀ բանակը տվեց այն դասը, որն Ադրբեջանին ստիպեց տրանսֆորմացվել»: Հակադարձելով Տոֆիկ Աբասովի ` ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունների վերսկսման «կառուցողական առաջարկին»` հայկական զինված ուժերի դուրսբերմանը շփման գծից, Թեւան Պողոսյանն առաջարկեց նայել տարածաշրջանում առկա այն իրողությանը, որ ԼՂՀ-ն 25 տարի է ՝ անկախ պետություն է: Տեսակամուրջի մոդերատոր Վլադիմիր Լեպյոխինը հակադարձեց Թեւան Պողոսյանի` ՌԴ-ի հասցեին ուղղված քննադատությանը, նկատելով, որ գոյություն ունի պատերազմի կոնցեպցիա եւ խաղաղության: ՌԴ-ն հանդես է գալիս երկրորդ սկզբունքի շահից, մինչդեռ արեւմուտքում շատերը հենց առաջինի ջատագովներն են: ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ մոդերատորին հիշեցրեց, որ Հայաստանը եւ ԼՂՀ-ն երբեք չեն հայտարարել հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Մինչդեռ Ադրբեջանը մշտապես է դա հայտարարել. «Շփման գծում մոնիտորինգի մեխանիզմների տեղադրման առաջարկը միշտ է եղել, Ադրբեջանն է մերժել, անգամ Վիեննայից հետո նման տեղեկություն եղավ: Քանի պաշտոնական Բաքուն չհայտարարի, որ դադարեցնում է սպառազինությունների մրցավազքը, չի կարող կառուցողական բանակցություն գնալ»: Ապա ադրբեջանական տաղավարի փորձագետներին դիմելով ասաց, եթե Դուք իրոք ուզում եք խնդիրը խաղաղ ճանապարհով լուծել, ապա բանակցեք ԼՂՀ-ի հետ. գուցե այնպիսի պայմաններ կառաջարկեք, որ Ղարաբաղը կորոշի մտնել Ադրբեջանի կազմի մեջ:
Նյութի աղբյուր Elq.am