Իրանը ժամանակակից պատմության մեջ քիմիական զենքի կիրառման ամենամեծ զոհն է
ԻԻՀ փոխարտգործնախարարը հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ժամանակակից պատմության մեջ քիմիական զենքի կիրառման ամենամեծ զոհն է»։
Երեքշաբթի օրը, Քիմիական զենքի կոնվենցիայի քննարկման թեմայով հինգերորդ կոնֆերանսի ընթացքում, Ռեզա Նաջաֆին հանդիպել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ամրապնդման ուղիները: Նաջաֆին ներկայացրել է ԱՄՆ-ի դաժան և միակողմանի պատժամիջոցների ազդեցությունը քիմիական զենքի կիրառման հետևանքով հաշմանդամություն ստացած իրանցիների առողջության վրա:
Ընդգծելով Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի դրույթների լիարժեք, արդյունավետ և ոչ խտրական իրագործման և միջազգային համագործակցության մասին կոնվենցիայի համաձայն անդամ պետությունների պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը, Նաջաֆին կարևորել է խաղաղ օգտագործման նպատակով քիմիական նյութերի փոխանակման ճանապարհին առկա խոչընդոտների վերացումը և կոնվենցիային հակասող պատժամիջոցների չեղարկումը:
Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրենը հաստատել է քիմիական զենքի կիրառումից տուժած անձանց բժշկական կարիքները հոգալու անհրաժեշտությունը, հավելելով, որ այդ հարցով քննարկումներ է ունեցել համապատասխան կառույցների հետ։