Քիսինջեր. Մենք գերտերությունների առճակատման ճանապարհին ենք
Նշելով, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն իրենց համոզել են, որ մյուս կողմը ռազմավարական սպառնալիք է ներկայացնում, ԱՄՆ նախկին պետքարտուղար և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հենրի Քիսինջերն ասել է. «Մենք գերտերությունների առճակատման ճանապարհին ենք»։
Նշելով, որ չինացիները ցանկանում են լինել միայն հզոր, ոչ թե գերիշխող, Քիսինջերը հավելել է. «Մենք գտնվում ենք դասական նախապատերազմյան իրավիճակում, որտեղ կողմերից ոչ մեկը չունի մեծ քաղաքական լծակներ, և որտեղ ցանկացած անհավասարակշռություն կարող է հանգեցնել աղետալի հետևանքների»:
Նրա խոսքով. «Մարդկության ճակատագիրը կախված է ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերություններից: Արհեստական ինտելեկտի արագ զարգացումը նրանց ընդամենը 5-10 տարի կտա ճանապարհ գտնելու համար։ Չինացի մտավորականները կարծում են, որ ԱՄՆ-ն գնում է դեպի անկում: Հետևաբար, պատմական տեղաշարժի արդյունքում, նրանք կզբաղեցնեն մեր տեղը»:
Քիսինջերի կարծիքով. «Վաշինգտոնի ղեկավարներն ասում են, որ Չինաստանը ցանկանում է տիրել աշխարհին, բայց իմ կարծիքով, չինացիները պարզապես ցանկանում են հզոր լինել։ Նրանք չեն փնտրում համաշխարհային տիրապետություն, ինչպես փնտրում էր Հիտլերը։ Չինաստանի իշխանությունները երբեք այսպիսի աշխարհակարգի մասին չեն մտածել և չեն էլ մտածում»։