Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կրկին ցնցում է Կովկասը. El Pais, Իսպանիա
Այս տարվա ապրիլ ամսին վերսկսված ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի՝ ԽՍՀՄ փլուզումից իր վեր սկսված հակամարտությանը նոր կարևորություն հաղորդեցին: Ադրբեջանը վիճահարույց տարածքները վերադարձնելու նպատակով ուժեղացրեց ճնշումը Մոսկվայի, Փարիզի և Վաշինգտոնի վրա:
Բաքվում միասնական կարծիք չկա 1994 թվականից ի վեր սառեցված տարածքային վեճի հարցում: Ադրբեջանը համարում է, որ Մինսկի խմբի գործունեությունը փակուղի է մտել: «Մեր տարածքների մի մասի բռնազավթման վրա հիմնված ստաստուս քվոն անընդունելի է և անհիմն»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
Հայաստանը բուն Լեռնային Ղարաբաղի տարածքից բացի՝ վերահսկում է նաև կից ութ շրջանները անվտանգության նկատառումներով: Օգտագործելով քառօրյա պատերազմի էֆեկտը՝ Բաքուն այժմ հանդես է գալիս հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին:
Ադրբեջանը համարում է, որ հայերը պետք է սկսեն նրանից, որ հանեն իրենց զորքերը Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներից: Բաքուն պնդում է, որ Մինսկի խումբը կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի վերջինս դուրս բերի իր զորքերը հարակից շրջաններից:
Հարց է առաջանում՝ եթե Հայաստանը չհամաձայնի, արդյոք Բաքուն կդիմի՞ ռազմական գործողությունների, թե՞ այդ սպառնալիքները կախված կմնան օդում, ինչպես նախորդ դեպքերում:
Հայաստանը շեշտը դնում է բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների փաթեթի վրա՝ պահանջելով պատասխան քայլեր անվտանգության գոտուց իր զորքերի դուրսբերման դիմաց, ինչը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում և անկախություն:
Ադրբեջանը կողմ է հարցի փուլային լուծմանը և Բաքվի իրավասության շրջանակներում լայն ինքնավարությանը, ինչը նշանակում է, ըստ Ադրբեջանի, անկախություն, սակայն առանց իրավաբանական ձևակերպման:
Թե Հայաստանը, թե Ադրբեջանը Ռուսաստանից են զենք գնում, թեպետ ադրբեջանցիների ապրիլյան հաջողությունը, վերլուծաբանների կարծիքով, պայմանավորված էր իսրայելական զինատեսակների, այդ թվում անօդաչուների կիրառմամբ: Ադրբեջանցի զինվորականները ռազմական պատրաստություն են ստանում Թուրքիայում: Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն է:
Քննադատաբար տրամադրված քաղաքական շրջանակները զգուշանում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է օգտագործվել գործող նախագահ Իլհամ Ալիևի շուրջ համախմբվելու նպատակով, ինչպես նաև երկրում առաջացած տնտեսական և սոցիալական խնդիրներից քաղաքացիների ուշադրությունը շեղելու նպատակով:
1in.am
5/6/2016