Հունգարիայի վարչապետը կանխատեսել է Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի տնտեսությունների անկում
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը М1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ տասնամյակի վերջին Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Ֆրանսիան չեն լինի աշխարհի տնտեսությունների առաջին տասնյակում, իսկ Գերմանիան չորրորդ տեղից կիջնի տասներորդ։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Եթե հայացք նետենք ԱՄՀ կազմած ցուցակին, որտեղ երկրները դասակարգված են ըստ իրենց ՀՆԱ մեծության, ապա կտեսնենք, որ մինչեւ 2030թ. այժմ վերին տասնյակում գտնվող Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Ֆրանսիան դուրս կմնան այդ տասնյակից, իսկ չորրորդ տեղը զբաղեցնող Գերմանիան կիջնի տասներորդ տեղ։ Սա է իրականությունը»,- ասել է Օրբանը՝ ամենամյա ելույթով հանդես գալով ռումինական Բիելե Տուշնադ քաղաքում։
Նրա խոսքով՝ Եվրամիությունն այժմ իրեն «շրջապատված եւ վախեցած» է զգում։ «Շաբաթվա սկզբին տեղի ունեցավ ԵՄ եւ Լատինական Ամերիկայի գագաթաժողովը, որտեղ ես իմ աչքերով տեսա եւ իմ ականջներով լսեցի, որ լատինաամերիկյան ղեկավարների բառապաշարում ամենահաճախ հնչող արտահայտություններն էին «բնիկ ժողովուրդների ցեղասպանությունը», «ստրկությունը», «ռեպարատիվ արդարադատությունը»։ Զարմանալի չէ, որ ԵՄ-ն իրեն շրջապատված է զգում»,- նշել է Օրբանը։
Նա նշել է, որ Եվրամիությունը «թույլ եւ հարուստ միություն է», որը վախենում է մրցակցությունից, «ինչպես բռնցքամարտի ծերացած չեմպիոնը, որը պարծենում է իր չեմպիոնական գոտիներով, բայց այլեւս չի ցանկանում ռինգ դուրս գալ»։ «Դա տանում է դեպի մեկուսացում, տնտեսական, քաղաքական եւ մշակութային գետտո»,- ավելացրել է Օրբանը։
news.am