Սի Ծինփինը 20 տարվա ընթացքում առաջին անգամ կհանդիպի Բաշար Ասադի հետ
(last modified Thu, 21 Sep 2023 09:25:44 GMT )
Սեպտեմբեր 21, 2023 12:55 Asia/Tehran
  • Սի Ծինփինը 20 տարվա ընթացքում առաջին անգամ կհանդիպի Բաշար Ասադի հետ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ նրա Պեկին կատարելիք այցի ժամանակ։ Դա վկայում է այն մասին, որ Պեկինը լրացուցիչ քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արեւելքում իր ազդեցությունն ընդլայնելու համար, գրել է Bloomberg-ը։

Սի Ծինփինը կհանդիպի Ասիական խաղերին մասնակցող օտարերկրյա ղեկավարների հետ արեւելյան Հանչժոու քաղաքում։ Նա ողջույնի խնջույք կկազմակերպի եւ «երկկողմ միջոցառումներ» կիրականացնի։

Սիրիայի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Մոհամեդ Սամեր ալ-Հալիլը կուղեկցի Ասադին այցի ժամանակ։

Չինաստանը խորացնում է իր դիվանագիտական ջանքերը Մերձավոր Արեւելքում՝ առաջին հերթին օգնելով հասնել լիցքաթափման Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի Պեկին հունիսյան այցի ժամանակ Սին առաջարկել էր միջազգային խաղաղ համաժողով անցկացնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության գծով, չնայած առաջընթացի նշանները քիչ էին։

Չինաստանի ուշադրությունը Մերձավոր Արեւելքի հանդեպ պայմանավորված է նրանով, որ Մերձավոր Արեւելքը կորցրել է առաջնահերթությունն ԱՄՆ-ի համար։ Դա Պեկինին Պարսից ծոցում ավելի մեծ ազդեցություն ունենալու հնարավորություն է տալիս։ Անցած ամիս Չինաստանի արշավը ԲՐԻԿՍ-ում ավելի մեծ թվով անդամներ ներգրավելու ուղղությամբ պսակվել է հաջողությամբ. դաշինքին միացել են նավթի առաջատար արտահանողներ Սաուդյան Արաբիան, Իրանը, Եգիպտոսը եւ ԱՄԷ-ն։

Ասադը վերջին անգամ Չինաստան այցելել է 2004թ., այն բանից մոտ չորս տարի հետո, երբ դարձել է նախագահ։ Այն ժամանակ նա հանդիպել էր Չինաստանի նախկին նախագահ Հու Ձինտաոյի հետ։ Դա սիրիական պետության ղեկավարի առաջին այցն էր Չինաստան երկու երկրների միջեւ 1956թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո։

news.am