Լավրով. Արևմուտքը միջամտում է Ղարաբաղի հարցին՝ աշխարհաքաղաքական նկրտումներով
Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ Արևմուտքը «պարտադրում է» իր «միջնորդական ծառայությունները» Հայաստանին և Ադրբեջանին՝ որպեսզի առաջ տանի սեփական աշխարհաքաղաքական հավակնություններն, այլ ոչ թե խաղաղություն հաստատելու համար:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախարարության կայքում հրապարակված հոդվածում հայտարարել է, որ Բրյուսելը և Վաշինգտոնը «անկայունություն են բերում Հարավային Կովկաս»՝ միջամտելով Ղարաբաղի իրավիճակին։
Նա հավելել է. «Հիմա, երբ Երևանի ու Բաքվի ղեկավարները լուծել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանք հաստատելու և վստահությունն ամրապնդելու ժամանակը։ Ռուսական խաղաղապահ ուժերը պատրաստ են ամեն կերպ մասնակցել դրան»։
ՌԴ ԱԳ նախարարը քննադատել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և նշել, որ մարտին Վաշինգտոնում կայացած «Ժողովրդավարություն 2023» գագաթնաժողովում նրա հայտարարությունները հակասում են վերջինիս դիրքորոշումների չեզոքության սկզբունքին:
Լավրովը հիշեցրել է Գուտերեշին, որ ռազմական հակամարտությունները Հարավսլավիայում, Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում, Սիրիայում և շատ այլ երկրներում սկսել են «ուժեղ դեմոկրատիաները»։