ՌԻԱ Նովոստիի հետ աշխատող օպերատորը շրջափակման մեջ է հայտնվել Գազայի հատվածում
Օպերատորը վերջին անգամ կապ է հաստատել գիշերը և ասել, որ իսրայելական տանկերը մոտենում են հիվանդանոցին։
Գազայի հատվածի Խան Յունեսի «Նասեր» հիվանդանոցային համալիրում լրագրողները իսրայելական բանակի շրջափակման մեջ են հայտնվել, նրանց թվում է նաև ՌԻԱ Նովոստիի հետ աշխատող օպերատոր Մուհամմեդ ալ Հիլուն, օպերատորի հետ կապը կորել է գիշերը։ Տեղեկությունը Գազայից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Ալ Հիլուն, որը տեսանկարահանում էր Խան Յունեսում և մասնավորապես այդ հիվանդանոցում տիրող իրավիճակը, վերջին անգամ կապ է հաստատել ժամը 01։00-ի սահմաններում և ասել, որ իսրայելական տանկերը մոտենում են հիվանդանոցային համալիրին։
«Երբ տանկերը սկսեցին մոտենալ, գործընկերներիս մեծ մասը կարողացավ դուրս գալ։ Ես և ևս մի քանի լրագրող մնացինք շրջափակման մեջ»,- պատմել է օպերատորը։
Ալ Հիլուն նշել է նաև, որ «ինտերնետ բռնելու» համար պետք է բարձրանալ հիվանդանոցի հինգերորդ հարկ։
Չորեքշաբթի պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ իսրայելցի զինվորականները կրակային հսկողության տակ են վերցրել 5-րդ հարկը և կրակ բացել շենքում գտնվող մարդկանց ուղղությամբ: Այդ ժամանակ զոհվել էր մեկ մարդ, ևս մի քանիսը վիրավորվել էին։
Երեքշաբթի հիվանդանոցի մոտ գտնվող գլխավոր փողոցի մոտ նկարահանումների ժամանակ ալ Հիլուին գնդակ էր դիպել, բայց զրահաբաճկոնի շնորհիվ նա չէր վիրավորվել։
Արդեն մի քանի շաբաթ է`Իսրայելի բանակը թիրախում է պահում հիվանդանոցը։ Տեղում մնացած բուժանձնակազմից բացի, շրջափակման մեջ է հայտնվել ավելի քան 400 բուժառու։
Բուժհաստատությունում տարրական դեղամիջոցների և էլեկտրագեներատորների համար նախատեսված վառելիքի սուր պակաս կա։