Կովկասագետ. Երևանի և Մոսկվայի միջև լարվածությունն անկասկած կաճի
Կովկասի հարցերով փորձագետը կանխատեսում է, որ Երևանի ու Մոսկվայի միջև լարվածությունն այս տարի կմեծանա։
ԻԼՆԱ-ի հետ հարցազրույցում, Ղասեմ Մոմենին անդրադարձել է անցած տարի Կովկասում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին, հավելելով, որ Ռուսաստանը բախվել է լուրջ մարտահրավերների։
Նա նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին և նույնիսկ քննարկել ռուսական զորքերի դուրսբերումը Երևանի օդանավակայանից, որոշակիորեն հակվելով դեպի ԵՄ և Արևմուտք, ինչը ցույց է տալիս, որ այս տարի Կրեմլը Երևանի հետ կապված մարտահրավերների առաջ է կանգնելու։
Փորձագետի կարծիքով․ «Անցած տարի Ադրբեջանը կարողացավ շարժվել սահմանված նպատակների ուղղությամբ, որոնցից մեկը Ղարաբաղում դիրքերի կայունացումն էր։ Միաժամանակ, բազմաթիվ միջազգային դիտորդների կարծիքով, Բաքուն չէր կարող հաղթել Երևանին առանց ռուսների կանաչ լույսի»։
Խոսելով Զանգեզուրի միջանցքի մասին, փորձագետը նշել է, որ դա ամենաբարդ խնդիրներից մեկն է, հավելելով․ «Հնարավոր է նաև, որ Անկարայի և Երևանի միջև «Հայոց ցեղասպանության» շուրջ քննարկումն ի վերջո ավարտվի, որպեսզի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցնի իր իրավիճակը Թուրքիայի և Ադրբեջանի հետ»։
Անդրադառնալով Թուրքիայի զարգացումներին, Մոմենին ասել է․ «Անցած տարի Թուրքիան կանգնած էր ներքին և արտաքին լուրջ մարտահրավերների առջև և կարծում եմ, որ չկարողացավ հասնել իր սահամանած նպատակներին։ Թուրքիայում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որոնցում հաղթեց Էրդողանը։ Սակայն խնդիրը նրանում է, որ փորձագետների կարծիքով՝ Էրդողանին չի հաջողվել գտնել այն անձին, ով կզբաղեցնի «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի թափուր պաշտոնը»։