Մոգերինին հաստատել է Թուրքիայում ԵՄ դեսպանի պաշտոնանկությունը
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի մամլո ծառայությունն այսօր հաստատել է այն տեղեկատվությունը, որ Թուրքիայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Հանս Յորգ Հաբերը հեռանում է զբաղեցրած պաշտոնից:
Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Նա (Հաբեր) զբաղեցրած պաշտոնը լքում է օգոստոսի 1-ից»: Կոսյանչիչը հրաժարվել է ներկայացնել Հաբերի պաշտոնանկության պատճառը:
Փոխարենը նա հայտարարել է, որ Թուրքիայում ԵՄ նոր դեսպանը կնշանակվի շուտով: Առկա տեղեկությունների համաձայն՝ ԵՄ դեսպանն ավելի վաղ քննադատական հայտարարություններ է արել միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնագրի վերաբերյալ:
Այդ հայտարարությունների համար Հաբերին կանչել էին Թուրքիայի ԱԳՆ: Հաբերը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ վիզային ռեժիմի վերացման համար Թուրքիային ներկայացված 72 պահանջները հստակեցվել էին դեռևս 2013 թվականին: «Մենք ունենք ասացվածք՝ «Սկսել ինչպես թուրք, ավարտել ինչպես գերմանացի»: Սակայն այստեղ հակառակն է»,- ասել է նա: