Եվրոպական 3 երկրներ ողջունել են Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին
Բելգիան, Դանիան և Իսպանիան ողջունել են ՄԱԿ-ի ԳԱ քվեարկության արդյունքում ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցությունը։
Պաղեստինի անդամակցության վերաբերյալ ՄԱԿ-ի ԳԱ բանաձևի նախագիծը հաստատվել է մայիսի 10-ին՝ 143 կողմ, 9 դեմ և 25 ձեռնպահ ձայներով։
ՄԱԿ-ի դիտորդ Պաղեստինը երկար տարիներ փորձում էր անդամակցել կազմակերպությանը։ Անցած ամիս այդ կապակցությամբ նախագծի քվեարկության ժամանակ ԱՄՆ-ն օգտվեց վետոյի իրավունքից։
«Անատոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Բելգիայի ԱԳ նախարար Հաջե Լահաբիբը ուրբաթ օրը X-ում արած գրառման մեջ նշել է, որ իր երկիրը եղել է ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակի վերաբերյալ այս բանաձևի մշակողներից և դրա օգտին քվեարկողներից մեկը։
Նա գրել է․ «Պաղեստինը պետք է լիարժեք տեղ ունենա միջազգային կազմակերպություններում, քանի որ դա կարևոր քայլ է խաղաղության հաստատման ուղղությամբ»։
Դանիայի ԱԳ նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը նույնպես X-ում գրել է․ «Հույս ունենք, որ այս բանաձևը հույսի աղբյուր կդառնա Պաղեստինի ժողովրդի ապագայի համար՝ այս մութ ժամանակաշրջանում»:
Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը նույնպես ողջունել է ՄԱԿ-ում Պաղեստինի լիիրավ անդամակցության վերաբերյալ բանաձևի նախագծի հաստատումը։
Անդրադառնալով Պաղեստինը որպես անկախ երկիր ճանաչելու Իսպանիայի, Իռլանդիայի, Սլովենիայի և Մալթայի որոշմանը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հայտարարել է. «Չնայած այս բանաձևը Պաղեստինին չի դարձնում ՄԱԿ-ի լիիրավ անդամ, այն պաղեստինցիներին տալիս է ավելի շատ իրավունքներ և արտոնություններ, օրինակ՝ միանալ ՄԱԿ-ի տարբեր կազմակերպություններին և հաստատություններին»: