Ռուբինյան․ ՀՀ–ն պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը
https://parstoday.ir/hy/news/world-i220488-Ռուբինյան_ՀՀ_ն_պատրաստ_է_շարունակել_Ադրբեջանի_հետ_սահմանազատման_գործընթացը
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ԲՐԻԿՍ–ի 10–րդ խորհրդարանական համաժողովի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ–ն պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը և սեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2024 12:48 Asia/Tehran
  • Ռուբինյան․ ՀՀ–ն պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ԲՐԻԿՍ–ի 10–րդ խորհրդարանական համաժողովի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ–ն պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը և սեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր։

Նա նշել է, որ արդեն սահմանազատվել է հայ–ադրբեջանական սահմանի մոտ 12 կմ հատվածը, և երկու կողմերի սահմանապահ ծառայությունները տեղակայվել են սահմանի համապատասխան հատվածներում, գրում է Sputnik Արմենիան։

«Հայաստանը միջազգայնորեն ճանաչված իր տարածքից դուրս հավակնություններ չունի և պատրաստ է կառուցողական ու ինտենսիվ աշխատանք տանել սահմանազատման գործընթացը շարունակելու և կարճ ժամանակում խաղաղության պայմանագիր կնքելու ու ստորագրելու ուղղությամբ»,– հայտարարել է Ռուբինյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է միջազգային տարանցիկ երթուղիների մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ճանապարհով: ԱԺ փոխխոսնակի խոսքով` կասկած չկա, որ Հարավային Կովկասում խոշոր ենթակառուցվածքային նախագծերը կարող են միավորող գործոն դառնալ տարածաշրջանի երկրների համար և ոչ միայն:

«Հարավային Կովկասում տրանսպորտային երթուղիների վերականգնումը և բացումը պետք է հանգեցնի տնտեսական հարաբերությունների համակարգի կայուն տարածաշրջանային մոդելի ձևավորման»,– ասել է Ռուբինյանը:

Այս համատեքստում նա նշել է, որ խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացման հեռանկարի շրջանակում ՀՀ կառավարությունը մշակել է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման նախագիծ է՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։