ԼՂ հակամարտությունը նման չէ Պաղեստինյան հարցին. Բաքվում Իրանի դեսպան
https://parstoday.ir/hy/news/world-i22120-ԼՂ_հակամարտությունը_նման_չէ_Պաղեստինյան_հարցին._Բաքվում_Իրանի_դեսպան
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը մեկնաբանել է Ադրբեջանի խորհրդարանի վերջին նիստում հնչած քննադատական այն կարծիքները, որոնք կապված են Իրանի կողմից Հայաստանի համար վիզային ռեժիմի չեղարկման, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ քայլերի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2016 16:05 Asia/Tehran
  • ԼՂ հակամարտությունը նման չէ Պաղեստինյան հարցին. Բաքվում Իրանի դեսպան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը մեկնաբանել է Ադրբեջանի խորհրդարանի վերջին նիստում հնչած քննադատական այն կարծիքները, որոնք կապված են Իրանի կողմից Հայաստանի համար վիզային ռեժիմի չեղարկման, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ քայլերի հետ:

Իրանի դեսպանը հայտարարել է, որ Ադրբեջանի խորհրդարանն ընդհանուր առմամբ դրականորեն է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունները: Դիվանագետը հայտարարել է, որ չի կարծում, թե Իրանը երկակի մոտեցում է ցուցաբերում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանդեպ:

«Երկար տարիներ հակամարտության հանդեպ Իրանի դիրքորոշումը եղել է անփոփոխ: Մենք ցանկանում ենք խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորում, չենք ցանկանում տարածաշրջանում պատերազմի վերսկսում, քանի որ դա չի բխում տարածաշրջանի շահերից:

Իսրայելական ռեժիմը օկուպացրել է պաղեստինյան տարածքները, ճնշում է բնակչությանը: Պաղեստինի ու Ղարաբաղի հարցերն ամբողջովին տարբեր են: Մենք կարծում ենք, որ իսրայելական վարչակարգը սպառնալիք է ներկայացնում ողջ աշխարհի համար, ինչի համար էլ այն պետք է փոխվի, իսկ Պաղեստինի ժողովուրդը դառնա իր հողերի տերը:

Այսօր Գազայի բնակչությունը շրջափակման մեջ է: Իսրայելական վարչակարգը խոչընդոտում է նրանց սննդամթերքի ու դեղորայքի մատակարարմանը: Հորդանան գետի արևմտյան ափի բնակչությունը նույնպես բախվում է Իսրայելի ճնշմանը:

Ես կարծում եմ, որ սխալ է այդ երկու հակամարտությունները համեմատելը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը նման չէ Պաղեստինյան հակամարտությանը: Այնտեղ Իսրայելի կատարած սպանդն ու կտտանքներն անհամեմատելի են Ղարաբաղի դեպքերի հետ:

Այլ հարց է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար երկրները բանակցում են, և մենք հուսով ենք, որ այդ բանակցություններն օգուտ կբերեն: Միևնույն ժամանակ մենք չենք տեսնում խաղաղ ճանապարհով պաղեստինյան հարցի լուծումներ, մենք չենք հավատում դրան»,- նշել է դեսպանը: