Ռուսաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղի հարցով ինչ-որ համաձայնություն են ձեռք բերել
https://parstoday.ir/hy/news/world-i22126-Ռուսաստանն_ու_Ադրբեջանը_Ղարաբաղի_հարցով_ինչ_որ_համաձայնություն_են_ձեռք_բերել
Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը պարտադրված է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հետազոտական ծրագրերի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2016 19:42 Asia/Tehran
  • Ռուսաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղի հարցով ինչ-որ համաձայնություն են ձեռք բերել

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը պարտադրված է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հետազոտական ծրագրերի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Նրա խոսքով, միանշանակ է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ինչ-որ համաձայնություն են ձեռք բերել: «Ղարաբաղի հարցով հանդիպումների ձեւաչափը փաստացի փոխված է, այլ ձեւաչափ է առաջարկվել: Դա փաստ է: Այդ մասին է վկայում ԵԱՀԿ-ի հայտարարությունն այն մասին, որ կազմակերպությունը դրանով չի զբաղվում, դա Վիեննայի հանդիպման ձեւաչափը չէ: Պարզ է, որ մայիսի 16-ին Վիեննայում անցկացված բանակցությունների արդյունքներն իրականություն չեն դառնում: Ադրբեջանը նման ցանկություն չունի: Բաքուն ցանկանում է, ինչպես միշտ՝ Ռուսաստանին միջնորդությամբ, ինչ-որ կերպ չեզոքացնել հայկական պետությունները»,- ընդգծեց Մանվել Սարգսյանը:

Ըստ նրա, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը նույնպես հայտարարեց, որ Վիեննայում ստանձնած պարտավորությունները չեն իրականացվում, բայց ավելի լավ է բանակցություններ վարել, անգամ անարդյունք:

«Այսինքն՝ պարտադրված իրադրություն է ստեղծվում: Բանակցային գործընթացի ձեւաչափն արդեն խախտված է: Բանակցությունների վերսկսման համար Հայաստանը պահանջ առաջադրեց, որ շփման գծում պետք է միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդրվեն: Եթե հիմա դա չկա, եւ հայկական կողմը բանակցությունների է գնում, նշանակում է՝ պարտադրված հանդիպում է»,- պարզաբանեց Մանվել Սարգսյանը: Ապրիլյան պատերազմից հետո, ըստ քաղաքագետի, հայկական կողմը ոչ սկզբունքային դիրքորոշում ցուցաբերեց՝ հրաժարվելով իր բոլոր հայտարարություններից, քայլերից եւ առաջադրած պայմաններից:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաղորդել էր, որ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Պետերբուրգում Ղարաբաղի հարցով առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, այնուհետեւ եռակողմ հանդիպում է կայանալու: