Օգոստոս 23, 2024 11:02 Asia/Tehran
  • Վենեսուելայի Գերագույն դատարանը հաստատել է նախագահական ընտրություններում Մադուրոյի հաղթանակը

Հինգշաբթի օրը Վենեսուելայի արդարադատության գերագույն դատարանը հաստատել է, որ Նիկոլաս Մադուրոն հաղթել է հուլիսի 28-ին կայացած ընտրություններում։

Դատարանի նախագահ Կարիսելիա Ռոդրիգեսը հայտարարել է, որ Ազգային ընտրական խորհրդի փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ ընտրություններում հաղթել է Մադուրոն։

Նա հավելել է. «Վենեսուելայի 28-րդ նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք հրապարակվել են Ազգային ընտրական խորհրդի կողմից և վկայում են Մադուրոյի հաղթանակի մասին, վավեր են»։

ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ընդդիմադիր թեկնածու Էդմունդո Գոնսալես Ուրուտիան հայտարարել է, թե ինքը հավաքել է ձայների 67 տոկոսը։ Նա Մադուրոյին մեղադրել է քվեարկության արդյունքները կեղծելու մեջ։

Սոցիալական ցանցում արած գրառման մեջ նա նշել է․ «Դատարանի որոշումը միայն կվատթարացնի ճգնաժամը»։

Գոնսալեսը Գերագույն դատարանին մեղադրել է կողմնակալության և «ժողովրդի կամքը» յուրացնելու մեջ։

Պաշտոնական Կարակասը հայտարարել է, որ Մադուրոն հավաքել է ձայների 52 տոկոսը և հաղթել ընտրություններում։ Ընտրություններից հետո երկրում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում ձերբակալվել են ընդդիմադիր գործիչներ և ցուցարարներ։

ՄԱԿ-ը հայտարարել է, որ ընտրություններից հետո փողոցային բռնությունների հետևանքով սպանվել է առնվազն 23 ցուցարար, 2 հազար 400 մարդ ձերբակալվել է։ Իսկ Մադուրոն ցուցարարներին անվանել է ծայրահեղականներ և ֆաշիստներ։

 

Պիտակ