Կիմ Չեն Ընը կարգադրել է ավելացնել ուրանի հարստացման ցենտրիֆուգների թիվը՝ միջուկային զինանոցը «երկրաչափական պրոգրեսիայով» մեծացնելու համար
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը կարգադրել է ավելացնել ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների թիվը՝ միջուկային զինանոցը «երկրաչափական պրոգրեսիայով» ավելացնելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նա այցելել է ուրանի հարստացման օբյեկտ, ինչից հետո Փհենյանն առաջին անգամ հրապարակել է միջուկային զենքերի համար վառելիք արտադրող ցենտրիֆուգների լուսանկարները, գրում է Reuters գործակալությունը։
Լուսանկարներում Հյուսիսային Կորեայի ղեկավարը քայլում է ուրանը հարստացնող մետաղական ցենտրիֆուգների շարքերի միջով։
Կիմ Չեն Ընը մասնավորապես այցելել է Միջուկային զենքի ինստիտուտ և միջուկային զենքի համար միջուկային նյութի արտադրության բազա, որի ընթացքում ծանոթացել է միջուկային լիցքերի արտադրությանը և միջուկային նյութի ներկայիս արտադրությանը։
Հյուսիսային Կորեայի ղեկավարն աշխատողներին կոչ է արել ավելի շատ բաղադրիչներ արտադրել մարտավարական միջուկային զենքերի համար՝ նշելով, որ երկրի միջուկային զինանոցը կենսական նշանակություն ունի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից եկող սպառնալիքներին դիմագրավելու գործում։
Կիմ Չեն Ընի խոսքով՝ զենքերն անհրաժեշտ են «ինքնապաշտպանության և կանխարգելիչ հարձակման հնարավորության համար»։