«Շատ բան ունեմ պատմելու»․ Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
(last modified Sun, 24 Nov 2024 11:35:34 GMT )
Նոյեմբեր 24, 2024 15:05 Asia/Tehran
  •  «Շատ բան ունեմ պատմելու»․ Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գիրք գրել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գիրք գրել։ Այս մասին Մխիթարյանը պատմել է իտալական Corriere della Sera օրաթերթին տված հարցազրույցում։

«Դեռ նոր եմ սկսել, շատ բան ունեմ պատմելու իմ կարիերայի և կյանքի մասին»,- նշել է ֆուտբոլիստը։

Նա հայտնել է նաև, որ սիրում է գիրք կարդալ ու այժմ էլ Զինեդին Զիդանի ինքնակենսագրականն է կարդում, մինչ այդ էլ ավարտել է մի գիրք, որտեղ խոսվում էր կյանքում 5 կարևոր նպատակի մասին։

Մխիթարյանը հարցազրույցում խոսել է նաև իր երիտասարդ մնալու գաղտնիքի մասին, քանի որ նա այժմ թիմի տարիքով ավագ խաղացողներից է։

«Ամեն ինչ չեմ բացահայտի։ Փորձում եմ լավ քնել, ճիշտ սնվել՝ խուսափելով գլյուտենից, շաքարից, լակտոզայից՝ մեր սննդաբան Պինչելլայի խորհրդով։ Կա նաև գլխավոր կողմը՝ լավ մարզվելը»,- ասել է նա։

«Ինտերի» կիսապաշտպանից հետաքրքրվել են` արդյոք չի ազդում իր հոգեբանության վրա այն, որ եթե վատ խաղա, կարող են ասել՝ ծեր է։ Վստահեցրել է՝ բավականաչափ հանգիստ և խելացի է դա հասկանալու համար, իսկ տարիքը միայն թիվ է, եթե խաղը չեն հաղթում, ապա պատճառը տարիքը չէ։

arm.sputniknews