ԵՄ-ի արտահերթ նիստում կքննարկվի Իսրայելի հետ հարաբերությունների մակարդակը նվազեցնելու հարցը
(last modified Wed, 21 May 2025 13:18:09 GMT )
Մայիս 21, 2025 16:48 Asia/Tehran
  • Եվրամիության արտաքին  քաղաքականության  ծառայության ղեկավար՝ Կայա Կալլաս
    Եվրամիության արտաքին  քաղաքականության  ծառայության ղեկավար՝ Կայա Կալլաս

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ-ն Բրյուսելում կայանալիք արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ կքննարկի Իսրայելի ռեժիմի հետ հարաբերությունների մակարդակը նվազեցնելու հարցը։

«Pars Today»-ն հղում անելով IRNA-ին, հաղորդել է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Կայա Կալլասը Բրյուսելում Արտաքին հարաբերությունների Եվրոպական խորհրդի նիստին մասնակցելուց առաջ լրագրողներին ասել է. «Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը առաջարկել է վերանայել  Եվրամիության և Իսրայելի միջև ստորագրված ասոցացման համաձայնագրի 2-րդ հոդվածը, և այս հարցը կքննարկվի ԵՄ արտաքին գործերի նախարարների երեքշաբթի օրը կայանալիք նիստում»։

Անդրադառնալով Գազայի հատվածում տիրող հումանիտար ծանր իրավիճակին՝ Կալլասը հավելեց. «Մարդասիրական օգնությունը պետք է հնարավորինս արագ հասնի այս տարածաշրջան։ Իսրայելի կողմից օգնության մի մասի մուտքը թույլատրելու որոշումը ընդամենը մի կաթիլ է՝  անօգնական և պատերազմից տուժած Պաղեստինի ժողովրդի կարիքների դիմաց»։

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը քննադատել է Թել Ավիվին սովը որպես պատերազմի զենք օգտագործելու համար, չնայած ԵՄ-ն միջազգային շրջանակներում ռեժիմի ամենակարևոր աջակիցներից է։

Կալլասը նաև նշել է, որ Եվրամիությունը քննարկում է Սիրիայի դեմ որոշ պատժամիջոցների վերացման հարցը՝ հավելելով. «Կան մտահոգություններ Սիրիայի կառավարության կողմնորոշման վերաբերյալ, բայց, կարծես, ներկա իրավիճակում Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումից բացի այլընտրանք չկա»։

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի մասին ասել է. «Կիևը համաձայնել է հրադադար հաստատել, ուստի Ռուսաստանի վրա պետք է ավելի մեծ ճնշում գործադրել՝ պատերազմը դադարեցնելու համար»։