Ի՞նչ ապագա է սպասվում դոլարին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններից հետո, առ այն, որ նա 10% մաքսատուրք կսահմանի այն երկրների համար, որոնք համահունչ կլինեն BRICS խմբի հակաամերիկյան քաղաքականությանը, արձագանքների ալիք բարձրացավ խմբի անդամ երկրների պաշտոնյաների շրջանում։
Այս սպառնալիքին ի պատասխան՝ Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան ասաց. «Իմ կարծիքով, ԱՄՆ-ի նման մեծ երկրի նախագահի համար պատասխանատու և լուրջ չէ աշխարհին սպառնալ ինտերնետի միջոցով»։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն էլ ընդգծեց, որ մաքսատուրքերի և առևտրային պատերազմներում հաղթանակ հնարավոր չէ, և նման մոտեցումները տանում են դեպի փակուղի։
Սպիտակ տան խոսնակը 2025 թվականի հուլիսի 7-ին, երկուշաբթի օրը, հայտարարեց, որ BRICS-ի գործողությունները, ԱՄՆ նախագահի տեսանկյունից, «հակասում են ազգային շահերին» և որ Վաշինգտոնը դրանք անընդունելի է համարում։
Մասնագետները կարծում են, որ Թրամփի մաքսատուրքային սպառնալիքները հնչում են այն դեպքում, երբ ԱՄՆ-ն տարիներ շարունակ դոլարն օգտագործել է որպես ֆինանսական գերիշխանության գործիք։ Դոլարի կարգավիճակը՝ որպես համաշխարհային արտարժութային պահուստային միջոց, հնարավորություն է տվել Վաշինգտոնին առաջ մղել իր քաղաքական և աշխարհաքաղաքական նպատակները՝ պատժամիջոցների, երկրներին SWIFT համակարգից հեռացնլու և ակտիվների սառեցման միջոցով։
Սա հանգեցրել է նրան, որ երկրները ձգտեն օգտագործել տեղական արժույթներ և ստեղծել այլընտրանքային վճարային համակարգեր։ Բացի այդ, ԱՄՆ աննախադեպ պարտքը, որը հասել է 37 տրիլիոն դոլարի, նվազեցրել է դոլարի նկատմամբ համաշխարհային վստահությունը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ ասել է. «Դոլարի՝ որպես վճարման հուսալի միջոցի նկատմամբ վստահությունը վերանում է։ ԱՄՆ պարտքը հասել է այնպիսի մակարդակի, որն այլևս կառավարելի չէ»։
Վերլուծաբանների կարծիքով, անկայուն առևտրային քաղաքականությունը, ինչպիսին է մաքսատուրքերի հանկարծակի հայտարարումը, ԱՄՆ շուկաներից հեռացրել է ներդրողներին, ինչն, իր հերթին, հանգեցրել է դոլարի առավել թուլացմանը։