ԵԱՏՄ-ն պատրաստ է նոր նախաձեռնությունների՝ ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում
Ժնևում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևի և Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի աշխատանքային հանդիպումը։
Քննարկման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձել են Հանձնաժողովի և ՄԱԿ-ի տարբեր կառույցների միջև համագործակցության ընթացքին և դրա ընդլայնման հնարավորություններին։
Բակիտժան Սագինտաևը շնորհակալություն է հայտնել Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի հարթակում «ԵԱՏՄ օրերի» կազմակերպման հնարավորության համար՝ ընդգծելով նման միջոցառումների կարևորությունը միջազգային երկխոսության խորացման տեսանկյունից։
«Գլոբալ մարտահրավերների պայմաններում աճում է մեր երկխոսության կարևորությունը։ Մենք պատրաստ ենք ակտիվ փոխգործակցությանը՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն օրակարգի առաջմղման և ՄԱԿ-ի հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ»,- նշել է Սագինտաևը և առաջարկել ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպել ինտեգրացիոն կառույցների ղեկավարների կանոնավոր հանդիպումներ՝ փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների մշակման նպատակով։
Հանդիպման մասնակիցները շեշտել են Կայուն զարգացման նպատակների իրականացումը՝ որպես համաշխարհային համագործակցության առանցքային ուղղություն։
Նշենք, որ Ժնևում՝ Միավորված ազգերի կազմակերպության բաժանմունքի կենտրոնակայանում ընթանում է «Եվրասիական տնտեսական միության օրերը» թեմատիկ ցուցահանդեսը:
Հանձնաժողովի կողմից կազմակերպված ցուցահանդեսը այցելուներին առաջարկում է ԵԱՏՄ-ն դիտարկել ոչ միայն տնտեսական տեսանկյունից:
Այն պատմում է նաև Միության երկրների մշակութային հարստության, բնության բազմազանության մասին:
Էքսպոզիցիայում ներկայացված են անդամ պետությունների համաշխարհային ժառանգության օբյեկտներ, գեղատեսիլ բնական լանդշաֆտներ, որոնք միավորված են եվրասիական զբոսաշրջային երթուղիներով: