Մադագասկարի բանակը հայտարարել է իշխանությունն իր ձեռքը վերցնելու մասին
Մադագասկարում զինվորականները հայտարարել են երկրում պետական իշխանությունը ռազմական խորհրդի վերահսկողությանը փոխանցելու մասին, որի մեջ մտնում են բանակի, ժանդարմերիայի և ազգային ոստիկանության ներկայացուցիչները։
Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։ Իշխանափոխությունը տեղի է ունեցել Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինայի արտասահման փախուստի մասին լուրը տարածվելուց մեկ օր անց։
«Մենք իշխանությունը մեր ձեռքն ենք վերցրել», - հայտարարել է գնդապետ Մայքլ Ռանդրիանինան։
Սահմանադրությունը կասեցվել է, և բոլոր պետական հաստատությունները, բացառությամբ Մադագասկարի խորհրդարանի ստորին պալատի, լուծարվել են:
Զինվորականների կողմից իշխանափոխության մասին հայտարարելուց մի քանի րոպե առաջ խորհրդարանի անդամները քվեարկել են Ռաձուելինային պաշտոնանկ անելու օգտին:
Ռազմական խորհրդի կազմում են նաև CAPSAT էլիտար ստորաբաժանման անդամները, որը 2009 թվականի հեղաշրջման ժամանակ օգնել է Անդրի Ռաձուելինային գալ իշխանության։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռաձուելինան ֆրանսիական ռազմական ինքնաթիռով լքել է երկիրը հոկտեմբերի 12-ին՝ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին: Ռուձուելինայի մեկնումը երկրից համաձայնեցվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: