Մեկնաբանություն - Ինչո՞ւ չի աշխատում Իրանում վարչակարգը փոխելու Թրամփի ծրագիրը
Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված Դոնալդ Թրամփի սպառնալից հայտարարություններից հետո, անգլալեզու Al Jazeera-ն հանգամանալից վերլուծության միջոցով ուսումնասիրել է Իրանում վարչակարգը փոխելու նախագծի ձախողման պատճառները։
Անդրադառնալով Թրամփի բացահայտ սպառնալիքին առ այն, որ Միացյալ Նահանգները «պատրաստ է կրակ բացել», եթե Իրանի անվտանգության ուժերը բախվեն ցուցարարների հետ, զեկույցում ընդգծվում է, որ Վաշինգտոնը փորձում է Թեհրանում վերարտադրել Վենեսուելայի նման սցենար՝ ստեղծելով հոգեբանական ճնշում. սցենար, որը հանգեցրեց Նիկոլաս Մադուրոյի առևանգմանը և նրան ԱՄՆ տեղափոխելուն։ Սակայն, Al Jazeera-ն ընդգծում է, որ Իրանը համեմատելի չէ Վենեսուելայի հետ քաղաքական կառուցվածքի, ռազմական կարողության և սոցիալական համախմբվածության առումով։
Վենեսուելայի փորձը ցույց տվեց, որ Ամերիկայի գործողության հաջողությունը մեծապես պայմանավորված էր այդ երկրում բանակի կառուցվածքային քաոսով, հետախուզական խորը ներթափանցումով և քաղաքական համախմբվածության բացակայությունից։ Ի տարբերություն դրա, Իրանն ունի միակուռ անվտանգային և ռազմական կառույցներ, արտաքին սպառնալիքներին դիմակայելու երկար փորձ և զսպման մեծ կարողություններ։ Իսրայելի դեմ վերջին 12-օրյա հակամարտությունը և դրան հաջորդած ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա ոչ միայն չհանգեցրին իշխանության կառուցվածքի փլուզմանը, այլև հանգեցրին Իրանի զինված ուժերի արագ և կազմակերպված արձագանքին, որը ուղեկցվեց հրթիռների լայնածավալ արձակումներով և թշնամու ռազմական կենտրոնների թիրախավորմամբ։
Հղում անելով անգլալեզու Al Jazeera-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Իրանը տարածաշրջանի ամենահզոր խաղացողներից մեկն է՝ ռազմական կարողության և մարդկային ուժի առումով։ Ակտիվ և պահեստազորային ուժերով օժտված մեծ բանակի, դաշտային զգալի փորձ ունեցող ԻՀՊԿ-ի և «Բասիջ» աշխարհազորայինների ցանցի գոյությունը պատճառ է դառնում, որ ցանկացած արտաքին միջամտության սցենար լինի խիստ ծախսատար և ունենա անկանխատեսելի հետևանքներ։ Բացի այդ, Իրանի բարդ աշխարհագրությունը, ներառյալ լեռնային շրջանները և խոշոր քաղաքները, ստեղծում է Վենեսուելայից և նույնիսկ Իրաքից բոլորովին տարբեր պայմաններ՝ բացառելով արագ և էժան գործողությունների հնարավորությունը։
Սոցիալական առումով, չնայած Իրանը բախվում է տնտեսական մարտահրավերների և մերթ ընդ մերթ տեղի ունեցող բողոքի ցույցերի խնդիրներին, սակայն պատմական փորձը ցույց է տվել, որ արտաքին սպառնալիքներն ու ագրեսիան հաճախ հանգեցնում են ներքին համախմբման, այլ ոչ թե փլուզման։ Անցյալի օրինակները ցույց են տալիս, որ իրանական հասարակությունը անվտանգային ճգնաժամի ժամանակ խիստ զգայուն է արտաքին միջամտության նկատմամբ և հեշտությամբ չի ընկնում անկայունացմանն միտված արտաքին նախագծերի թակարդը։
Մյուս կողմից, Իսլամական Հանրապետության ինստիտուցիոնալ կառույցները չորս տասնամյակների ընթացքում պատժամիջոցների և արտաքին ճնշման տակ ցուցաբերել են ճգնաժամերը կառավարելու և դժվարին իրավիճակները հաղթահարելու մեծ կարողություն: Այս ինստիտուցիոնալ ներուժը զգալիորեն նվազեցնում է արագ փլուզման կամ դրսից վարչակարգի փոփոխության հավանականությունը: Վերլուծաբանները գտնում են, որ նման սցենար իրականացնելու ցանկացած փորձ ոչ միայն կձախողվի, այլև կարող է հանգեցնել լայնածավալ քաոսի և խորը տարածաշրջանային անկայունության. իրավիճակ, որի հետևանքները կգերազանցեն Իրաքի փորձը։
Ամփոփելով վերընշվածը, ապացույցների ամբողջությունից պարզ է դառնում, որ Իրանում վարչակարգը փոխելու Թրամփի ծրագիրն ավելի շատ քաղաքական և հոգեբանական ճնշման գործիք է, քան գործնական ռազմավարություն: Դաշտային իրողությունները, Իրանի զսպողական կարողությունները և անցյալի փորձը ցույց են տալիս, որ այս մոտեցումը ոչ միայն չի հասնի իր նպատակին, այլև կարող է մեծ ծախսեր պարտադրել իր մշակողների վրա։
Աղբյուր՝ Pars Today