Չինաստանը, առաջինն աշխարհում, սկսել է տիեզերքում արհեստական սաղմի փորձարկումը
Չինաստանը, առաջինն աշխարհում, սկսել է տիեզերքում արհեստական սաղմի փորձարկումը՝ արտերկրային տարածությունում մարդու երկարաժամկետ գտնվելու մասին տվյալներ հավաքելու համար:
Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի գիտությունների ակադեմիայի Կիրառական տիեզերական տեխնոլոգիաների և ճարտարագիտության կենտրոնին:
«Մարդու «արհեստական սաղմերի» փորձնական նմուշները, որոնք տիեզերք են հասցվել «Տյանչժոու-10» բեռնատար տիեզերանավով, տեղադրվել են չինական տիեզերական կայանի փորձարարական մոդուլում»,- ասված է հրապարակման մեջ:
Ինչպես նշում է գործակալությունը, արհեստական սաղմն իրենից ներկայացնում է ցողունային բջիջներից ստեղծված կառուցվածք։ Ըստ վերջին տվյալների՝ փորձն ընթանում է հաջողությամբ։
Հետազոտության նպատակը տիեզերքում մարդու երկարաժամկետ գտնվելու, նրա գոյատևման և բազմացման հարցերի ուսումնասիրությունն է, հայտարարել է նախագծի ղեկավար Յույ Լեցյանը։
«Մարդու «արհեստական սաղմը» իրական մարդկային սաղմ չէ, այն ի վիճակի չէ վերածվել օրգանիզմի, բայց այն կարող է օգտագործվել որպես մոդել՝ մարդու վաղ շրջանի ուսումնասիրության համար»,- պարզաբանել է նա։
Նախագծի ղեկավարի խոսքով՝ փորձը կտևի հինգ օր, որից հետո նմուշները կսառեցվեն և կուղարկվեն Երկիր՝ համեմատելու համար այն նմուշների հետ, որոնք զուգահեռաբար ուսումնասիրվում են երկրային լաբորատորիաներում: