Բաքվում պահվող հայ գերիների հարցով համաժողով է ընթանում Բրյուսելում
https://parstoday.ir/hy/news/world-i247696-Բաքվում_պահվող_հայ_գերիների_հարցով_համաժողով_է_ընթանում_Բրյուսելում
Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։
(last modified 2026-07-14T15:13:10+00:00 )
Հուլիս 14, 2026 18:07 Asia/Tehran
  • Բաքվում պահվող հայ գերիների հարցով համաժողով է ընթանում Բրյուսելում

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։

«Համաժողովի նպատակն է ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ պատանդների և քաղաքական բանտարկյալների իրավիճակի արդիական գնահատականը։ Համաժողովին ներկա է նաև Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվում պատանդառված Դավիթ Իշխանյանի որդին` Արմեն Իշխանյանը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ համաժողովի համակազմակերպիչներն են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսը և Միրիամ Լեքսմանը, իսկ կազմակերպչական աջակցությունն իրականացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։

Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: