Արաղչի․ Թույլ Իրանի մասին պատկերացումն ամբողջությամբ վերացել է
Իրանի ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին, անդրադառնալով պատերազմից հետո երկրի արտաքին քաղաքականության փոփոխություններին, հայտարարել է․ «Թույլ Իրանի մասին պատկերացումն ամբողջությամբ վերացել է, և հետպատերազմյան շրջանում Իրանի արտաքին քաղաքականությունը էականորեն կտարբերվի նախապատերազմյան շրջանի քաղաքականությունից»։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի կառավարության տեղեկատվական կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով ԱՄՆ-ի՝ Իրանին կապիտուլյացիայի պարտադրելու փորձերին, Արաղչին նշել է, որ Վաշինգտոնը հետապնդում էր այնպիսի նպատակներ, ինչպիսիք են Իրանի հանձնումը, իշխանափոխությունը, երկրի մասնատումն ու ներքին անկարգությունների հրահրումը, սակայն դրանցից որևէ մեկին հասնել չի հաջողվել։
Անդրադառնալով պատերազմի ընթացքում Իրանի դիվանագիտական ապարատի գործունեությանը, Արաղչին հավելել է, որ Արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներն ու աշխատակիցները, չնայած իրենց մի քանի գործընկերների զոհվելուն, չեն լքել իրենց պարտականությունները և շարունակել են դիվանագիտական խորհրդակցությունները։
Նախարարն անդրադարձել է նաև Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններին՝ նշելով, որ դրանք շարունակվել են շուրջ երեք ամիս և ի վերջո հանգեցրել են հունիսի 15-ին փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը։ Նրա խոսքով՝ Մասուդ Փեզեշքյանն ի սկզբանե աջակցել է բանակցային գործընթացին, իսկ բանակցող թիմի ղեկավար նշանակելու՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի թեկնածությունն առաջարկել է հենց նախագահը։