Իրանի դերը «Հյուսիս–Հարավ» միջանցքով տարածաշրջանային առևտրի աճում
«Հյուսիս–Հարավ» միջազգային միջանցքը միայն տարանցիկ երթուղի չէ, այլ ռազմավարական հնարավորություն՝ մեծացնելու Իրանի դերը տարածաշրջանային առևտրում և Ասիայի խոշոր տնտեսությունները կապելու Ռուսաստանի, Եվրոպայի ու հարակից երկրների շուկաների հետ։ Այս ներուժը կարող է դառնալ երկրի տնտեսական զարգացման և տնտեսական դիվանագիտության կարևոր շարժիչներից մեկը։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Etemad Online-ին, միջանցքը կրճատում է հյուսիսից հարավ ապրանքների տեղափոխման ժամանակն ու ծախսերը և առավել մեծ նշանակություն է ձեռք բերել այն պայմաններում, երբ համաշխարհային առևտրի ավանդական երթուղիները բախվում են անվտանգության խնդիրների և քաղաքական փոփոխությունների։ Իրանի աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս երկիրը վերածել Ասիայի, Կովկասի, Ռուսաստանի և հարավային շուկաների միջև առևտրային երթուղիները կապող օղակի։
Երթուղու լիարժեք գործարկումը, բացի տարանցիկ եկամուտներից, կարող է խթանել նավահանգիստների, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի, պահեստավորման, ապահովագրության, մաքսային ծառայությունների և հարակից ոլորտների զարգացումը։ Ներդրումների ներգրավման միջոցով այն կարող է նպաստել նաև զբաղվածության և տարածաշրջանային զարգացման աճին։ Այս ցանցում կարևոր օղակներից է Իրանի Գիլան նահանգը՝ Կասպից ծովին հասանելիության և Կովկասին ու Ռուսաստանին մոտ լինելու շնորհիվ։
Միևնույն ժամանակ, աշխարհագրական դիրքը տնտեսական առավելության վերածելու համար անհրաժեշտ է ավարտին հասցնել երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքների զարգացումը, ընդլայնել նավահանգիստներն ու լոգիստիկ տերմինալները, նվազեցնել բյուրոկրատական խոչընդոտները և ստեղծել միջանցքի կառավարման միասնական համակարգ։ Սահմանի, մաքսակետի կամ նավահանգստի ցանկացած խոչընդոտ կարող է նվազեցնել Իրանի մրցակցային առավելությունը։
«Հյուսիս–Հարավ» միջանցքը նաև գործիք է տարածաշրջանի երկրների հետ Իրանի տնտեսական և քաղաքական հարաբերություններն ամրապնդելու համար։ Այժմ Թեհրանը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ՝ կա՛մ այս ներուժը վերածել տնտեսական և արտաքին քաղաքականության իրական առաջնահերթության, կա՛մ թույլ տալ, որ մրցակից երթուղիները զբաղեցնեն Իրանի մասնաբաժինը տարածաշրջանային առևտրում։