Էրդողանն ու Օբաման քննարկել են Գյուլենի արտահանձնման հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i27001-Էրդողանն_ու_Օբաման_քննարկել_են_Գյուլենի_արտահանձնման_հարցը
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել ԱՄՆ-ում հաստատված Ֆեթուլլահ Գյուլենի կարգավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2016 08:41 Asia/Tehran
  • Էրդողանն ու Օբաման քննարկել են Գյուլենի արտահանձնման հարցը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել ԱՄՆ-ում հաստատված Ֆեթուլլահ Գյուլենի կարգավիճակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

ԱՄՆ Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեստը հայտնել է, որ Թուրքիայի կառավարությունը Գյուլենի մասին լրացրել է հատուկ էլեկտրոնային դիմումը, որով ակնկալվում է արտահանձնել գործչին: Խոսնակը տեղեկացրել է, որ ԱՄՆ պաշտոնյաները թուրքական կողմի գործընկերներին հայտնել են, որ անհրաժեշտ է ներկայացնել ապացույցներ զինված հեղաշրջման փորձում Գյուլենի մեղավորության մասին, որից հետո հարցը կքննարկվի` համաձայն երկու երկրի միջև առկա համաձայնագրի:

Հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Օբաման առաջարկել է ԱՄՆ օգնությունը հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում: Էրնեստը հիշեցրել է, որ անգամ մանրամասն հետաքննության ընթացքում Թուրքիան պետք է հարգի ժողովրդավարության սկզբունքները:

ԱՄՆ փոխպետքարտուղար Թոնի Բլինքենը հուլիսի 19-ին հանդիպել է Թուրքիայի դեսպանի հետ և քննարկել Գյուլենի արտահանձնման հարցը:

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկրում «զտումները» շարունակվում են, ձերբակալված է շուրջ 6 հազար մարդ: Ակնկալվում է, որ այս թիվն առաջիկայում ավելանալու է:

Թուրքիայի իշխանությունները կատարվածի հետևում տեսնում են ԱՄՆ Փենսիլվանիա քաղաքում ապաստանած Ֆեթուլլահ Գյուլենին, ով 2014 թվականին «Մեծ կաշառքի» գործով տեղի ունեցած բացահայտումներից հետո դարձել է Էրդողանի թշնամին: