Էրդողանի «ներքին Ստալինը». The Huffington Post
https://parstoday.ir/hy/news/world-i27769-Էրդողանի_ներքին_Ստալինը_._the_huffington_post
Էրդողանը Թուրքիան մի հսկայական գուլագի է վերածում: Այս մասին The Huffington Post –ում հրապարակված հոդվածում նշել է հեղինակ Դեյվիդ Ֆիլիպսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2016 19:08 Asia/Tehran
  • Էրդողանի «ներքին Ստալինը». The Huffington Post

Էրդողանը Թուրքիան մի հսկայական գուլագի է վերածում: Այս մասին The Huffington Post –ում հրապարակված հոդվածում նշել է հեղինակ Դեյվիդ Ֆիլիպսը:

Հոդվածում, մասնավորապես, նշվում է.

Անցյալ շաբաթվա ձախողված հեղաշրջման փորձից հետո Էրդողանը սպառնացել է. «Վերջին գործողությունը դավաճանական գործողություն է, եւ նրանք ստիպված կլինեն թանկ վճարել դրա համար»:

«Այս քայլը մի մեծ պարգեւ է Աստծո կողմից: Ինչո՞ւ: Որովհետեւ դա մեզ հնարավորություն կտա զտել զինված ուժերը, որոնք ամբողջությամբ մաքրվելու կարիք ունեն»:

Էրդողանը Թուրքիան մի հսկայական գուլագի է վերածում:

Վերջին 5 օրվա ընթացքում, 50 000 ռազմական պաշտոնյաներ, ոստիկաններ, դատավորներ, լրագրողներ, մարզպետներ ու քաղծառայողներ են կալանավորվել, նրանց գործունեությունը կասեցվել է կամ հեռացվել են աշխատանքից:

Մարդկանց ձերբակալում եւ բանտարկում են առանց օրինական հիմքերի: Նրանց գտնվելու վայրն անհայտ է:

Բոլոր բուհերի դեկաններին՝ ավելի քան 1500 հոգու, ստիպել են հրաժարական տալ: 15 000 մանկավարժների գործունեություն կասեցվել է:

Մարդկանց արգելում են լքել երկիրը: Ոչ ոք չի կարող ծառայողական անձնագրով ճանապարհորդել: Պետական հիմնարկների աշխատակիցները պետք է հատուկ թույլտվություն ունենան:

Առաջադիմականները եւ «ընդդիմադիրները» վտանգված են: Նրանց կենսագրական նկատմամբ ստուգումներ են տարվում՝ հետաքննելու վերջիններիս կապերը Ֆեթուլլահ Գյուլենի՝ Փենսիլվանիայում բնակվող քարոզչի հետ, ում Էրդողանը հեղաշրջումը ծրագրելու մեջ է մեղադրել:

Վերջը չի երեւում: Էրդողանը եռամսյա արտակարգ դրություն է հայտարարել:

Օբամայի վարչակազմն արդարացիորեն դատապարտել է հեղաշրջումը: Զինվորականների կողմից իշխանության գրավումը ժողովրդավարություն տանող ուղի չէ: Ներկայումս ԱՄՆ պաշտոնյաները դեմ են արտահայտվում Թուրքիայում տեղի ունեցող զտումներին, սակայն նրանք քիչ լծակներ ունեն:

Պետքարտուղար Ջոն Քերրին զգուշացրել է, «Կամայական զտումներ եւ օրենքի գերակայության ու արդարադատության համակարգից դուրս քրեական պատժամիջոցներ չպետք է լինեն»: Քերրին նաեւ ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «գնահատական տա» Թուրքիայի գործողություններին: «ՆԱՏՕ-ն նաեւ ժողովրդավարության հետ կապված պահանջ ունի»: Նա բարձրացրել է Թուրքիայի ՆԱՏՕ-ին անդամակցության վերանայման հնարավորությունը:

Երբ Էրդողանն առաջարկեց, որ  Թուրքիան կարող է վերականգնել մահապատիժը, որ վերացվել էր 2004 թ., Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին զգուշացրել է. «Չի կարող գործընկեր պետություն դառնալ մի երկիր, որտեղ մահապատիժ է կիրառվում»: Նա հավելեց. «Կոչ ենք անում լիարժեք պահպանել Թուրքիայի սահմանադրական կարգը եւ ... կարեւորում ենք օրենքի գերակայությունը: Անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան հարգի ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները»:

Մոգերինիի նախազգուշացումն ակնհայտորեն անտեսվեց: Հեղաշրջման կազմակերպիչներին խոշտանգում են եւ ցուցադրում հեռուստատեսությամբ: Էրդողանը սպառնացել է կախել հեղաշրջմանը ներգրավված անձանց: Մի երիտասարդ զինվոր գլխատվեց եւ նրա մահապատիժը հեռարձակվեց սոցիալական լրատվամիջոցներով: Տեղեկություններ չկան, թե քանիսն են արդեն խոշտանգվել կամ սպանվել:

Իրականությունը հետեւյալն է. Էրդողանին քիչ է հուզում, թե ինչ է ասվում:

Կոռումպացված Էրդողանին մերկացնելը նրա վարքագծի վրա ազդելու միակ ճանապարհն է:

Պատմությունը մեզ ցույց է տալիս, որ բռնապետներն անտեսում են ոչինչ չպարտադրող նախազգուշացումները: Հիտլերը եւ Մուսոլինին ժողովրդավարական ճանապարհով էին ընտրվել, ինչպես Էրդողանը: Նրանք անտեսեցին միջազգային ճնշումը:

Չարաշահման քրեորեն դատապարտումը եւ խելամիտ թիրախային պատժամիջոցները միակ հասանելի գործիքներն են Էրդողանի զտիչ բռնությունների զսպման համար: