ԻՊ-ը Հռոմի Ֆրանցիսկոս պապին անվանել է իրենց «համար մեկ թշնամի»
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Հռոմի Ֆրանցիսկոս պապին «անհավատ» են անվանել և հայտարարել են, որ նա իրենց համար մեկ թշնամին է:
«Մենք ատում ենք քեզ, որովհետև դու չես հավատում Ալլահին: Մենք ատում ենք քեզ նրա համար, որ քո աշխարհիկ և լիբերալ հասարակությունը թույլ է տալիս այն, ինչ արգելում է Ալլահը», - ծայրահեղականների տարածած հաղորդագրությունը մեջբերում է Daily Express-ը:
Իսլամիստները Հռոմի 79-ամյա պապին մեղադրում են միասեռականներին «պաշտպանելու» համար:
Ինչպես ընդգծում է բրիտանական պարբերականը, ԻՊ-ը նախկինում տեսանյութ էր հրապարակել, որում պատմում էր Վատիկանում հարձակում իրականացնելու և Հռոմի պապին սպանելու հստակ ծրագրի մասին: Պարբերականը չի նշում, թե երբ է տեսանյութը հայտնվել համացանցում:
Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ քահանայապետը չի վախենում ծայրահեղականների հնչեցրած սպառնալիքներից:
Tert.am