Ավելի քան 1 մլն սիրիացիներ ապրում են պաշարման մեջ. հասարակական կազմակերպություններ
Ավելի քան 1 միլիոն սիրիացիներ ապրում են պաշարման մեջ։ Այդ մասին նշված է երեքշաբթի օրը հասարակական կազմակերպությունների հրապարակած զեկույցում, որտեղ նշվում է, որ Սիրիայում ճգնաժամը շատ ավելի ծանր էր, քան ՄԱԿ-ի պաշտոնյաները գիտակցում էին, գրում է France 24-ը։
«Siege Watch-ի ստացած նոր տվյալները ցույց են տալիս, որ ավելի քան 1 միլիոն սիրիացիներ ապրում են պաշարման մեջ այնպիսի վայրերում, ինչպիսիք են Դամասկոսը, Հոմսը, Դեր Զորը և Իդլիբը»,- ասված է զեկույցում, որը համատեղ հրապարակել են նիդեռլանդական PAX խումբը և ԱՄՆ-ում գտնվող Սիրիական ինստիտուտը:
Միայն Դամասկոսում 47 քաղաք շրջափակված է զինված խմբավորումների և կառավարական ուժերի կողմից:
ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Սիրիայում պաշարված է մնում 500.000 մարդ: Նշվում է, որ մի շարք կազմակերպություններ քննադատել են ՄԱԿ-ին ճգնաժամի ողջ ծավալը նվազեցնելու համար։
Siege Watch նախագիծն օգտագործում է Սիրիայում կապերի լայն ցանցը երկրի պաշարված համայնքների մասին տեղեկություններ հավաքելու համար։