ՄԱԿ-ը նախազգուշացրել է Եմենում մարդասիրական աղետի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i4426-ՄԱԿ_ը_նախազգուշացրել_է_Եմենում_մարդասիրական_աղետի_մասին
Եմենում մարդասիրական աղետ է սկսվում, որը խորանում է նրանով, որ հակամարտող կողմերը խոչընդոտում են բնակչությանն օգնություն ցուցաբերելուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2016 09:19 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը նախազգուշացրել է Եմենում մարդասիրական աղետի մասին

Եմենում մարդասիրական աղետ է սկսվում, որը խորանում է նրանով, որ հակամարտող կողմերը խոչընդոտում են բնակչությանն օգնություն ցուցաբերելուն:

TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օբրայենը Անվտանգության խորհրդի նիստում:

«Ներկայում հակամարտության սկզբից մոտ մեկ տարի անց՝ ինչպես երբեք, կարևոր է արձագանքել Եմենում սկիզբ առնող մարդասիրական աղետին»,- ասել է նա: ՄԱԿ-ի վերջին գնահատականներով՝ մարդասիրական օգնության կարիք ունի ավելի քան 21 մլն մարդ՝ երկրի բնակչության մոտ 80%-ը: Օբրայենը նշել է, որ 7,6 մլն մարդ սննդամթերքի սուր կարիք ունի և 14 մլն մարդ զրկված է առողջապահության ոլորտի ծառայությունների հասանելիությունից: 600 բժշկական հաստատություն քանդվել կամ ամբողջովին ավերվել է ռազմական գործողությունների հետևանքով:

Օբրայենը հայտնել է, որ Եմենում 2015թ. մարտին ռազմական հակամարտության սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 6.000 մարդ, որոնց կեսը՝ խաղաղ բնակիչներ, վիրավորների թիվը գնահատվում է 29 հազար: Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների ավերիչ հետևանքները խորանում են նրանով, որ հակամարտության կողմերը խոչընդոտում են բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու ջանքերին: Մասնավորապես, Օբրայենը հայտնել է, որ միայն վերջին շաբաթում շիա ապստամբները մերժել են Իբբ, Թաիզ և Սաադու նահանգների բնակավայրեր սննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ հասցնելու մի քանի հայտ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ԱԽ-ին կոչ է արել շտապ ազդել հակամարտության կողմերի վրա՝ «Եմենի բոլոր մասեր անպայման և մշտական հասանելիության ու քաղաքացիական անձանց պաշտպանության ավելի էական միջոցների ձեռնարկման» ապահովման հասնելու համար: Նա նաև ԱԽ-ին խնդրել է ճնշում գործադրել հակամարտող կողմերի վրա՝ խաղաղ բանակցությունների վերսկսման և կրակի դադարեցման ռեժիմի շուտափույթ սահմանման նպատակով: