Գերմանիայում շարունակվում է «Լյուֆթհանզա» ավիաընկերության օդաչուների գործադուլը
«Լյուֆթհանզա» ավիաընկերության օդաչուները հայտարարել են, որ իրենց պահանջները չբավարարվելու դեպքում երկուշաբթի օրվանից կվերսկսեն գործադուլը:
Գերմանիայի «Ա Էռ Դե» հեռուստաալիքի հաղորդման համաձայն, Եվրոպայի ամենախոշոր «Լյուֆթհանզա» ավիաընկերության օդաչուների գործադուլը շարունակվում է արդեն չորրորդ օրը:
Շաբաթ օրը չեղարկվել է 137 թռիչք, որի հետևանքով հազարավոր ուղևորներ մնացել են օդանավակայանում:
Գերմանիայի օդաչուների արհմիությունը հայտարարել է, որ կիրակի օրը դադարեցնելու է գործադուլը, սակայն դա չի նշանակում, թե օդաչուներն այլևս պահանջներ չունեն:
Օդաչուները հնգամյա կտրվածքով աշխատավարձի 22 տոկոս բարձրացման պահանջ են ներկայացրել:
Չորսօրյա գործադուլը կիրակի օրը մեկ օրով կդադարեցվի և «Լյուֆթհանզա» ավիաընկերությունը կիրականացնի նախատեսված թռիչքները: