Բրազիլիայի Կենտրոնական բանկը Օլիմպիադային նվիրված հուշադրամների նոր շարք է թողարկում
(last modified Thu, 18 Feb 2016 15:43:39 GMT )
Փետրվար 18, 2016 19:13 Asia/Tehran
  • Բրազիլիայի Կենտրոնական բանկը Օլիմպիադային նվիրված հուշադրամների նոր շարք է թողարկում

Բրազիլիայի Կենտրոնական բանկը կթողարկի հուշադրամների նոր շարք, որոնք նվիրված կլինեն Ռիո դե Ժանեյրոյի առաջիկա Օլիմպիադային և Պարալիմպիական խաղերին:

Այդ դրամանիշերը շրջանառության մեջ կմտնեն առաջիկա ուրբաթ օրը՝ փետրվարի 19-ին:

Շարքը բաղկացած կլինի 10 մետաղադրամից, ներառյալ 10 ռեալ անվանական արժեքով երկու ոսկե մետաղադրամ և 5 ռեալ անվանական արժեքով չորս արծաթե մետաղադրամ: Դրամանիշերը, որոնք պատրաստված են թանկարժեք մետաղներից, վաճառքի կհանվեն Բրազիլիայի բանկային ցանցի բաժանմունքներում՝ ընծայական հատուկ փաթեթավորմամբ: Դրանք նաև կարելի կլինի ձեռք բերել Կենտրոնական բանկի կայքում:

Ոսկեդրամների երեսին պատկերված են համապատասխանաբար Ռիո դե Ժանեյրոյի՝ Հիսուս Փրկչի նշանավոր արձանը, որը համարվում է այս քաղաքի գլխավոր տեսարժան վայրը, և մրցումների կազմկոմիտեի մշակած օլիմպիական ջահը:

Արծաթե դրամանիշերի դիզայնում շեշտը դրվել է բրազիլական օլիմպիական մեգապոլիսի բնապատկերների և ճարտարապետության վրա: Մասնավորապես, դրանցից մի քանիսի վրա պատկերված է Ռիո դե Ժանեյրոյի Մունիցիպալ թատրոնը:

31-րդ ամառային Օլիմպիադան տեղի է ունենալու 2016 թվականի օգոստոսի 5-ից մինչև 21-ը: Դրանք առաջին Օլիմպիական խաղերն են, որոնք անցկացվելու են Հարավային Ամերիկայու: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: