Ֆիլիպինների նախագահը խոստովանել է, որ քաղաքապետ եղած ժամանակ մարդկանց է սպանել
(last modified Wed, 14 Dec 2016 09:26:13 GMT )
Դեկտեմբեր 14, 2016 12:56 Asia/Tehran
  • Ֆիլիպինների նախագահը խոստովանել է, որ քաղաքապետ եղած ժամանակ մարդկանց է սպանել

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ՝ ասելով, որ Դավաոյի քաղաքապետ եղած ժամանակ անձամբ է սպանել ենթադրյալ հանցագործներին:

Ինչպես նշում է France Presse գործակալությունը, ֆիլիպինցի ղեկավարը մանրամասնել է, որ այդպիսով ցանկացել է ցույց տալ ոստիկանությանը, թե ինչպես է հարկավոր գործել:


Աղբյուրը մանրամասնում է, որ Դուտերտեն գործած սպանությունների մասին հայտնել է օրերս գործարարների հետ ունեցած հանդիպման ժամանակ, որի ընթացքում պատմել է երկրում նարկոբիզնեսն արմատախիլ անելուն ուղղված կոշտ պայքարի մասին:


«Դավաոյում ես դա ինքնուրույն էի անում, միայն նրա համար, որպեսզի ցույց տամ ոստիկաններին, որ եթե ես կարող եմ, ապա ինչո՞ւ նրանք էլ չեն կարող նման բան անել»,-ասել է Դուտերտեն:


Հայտնի է, որ ընթացիկ տարվա մայիսին երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելուց հետո, Դուտերտեն «պատերազմ է հայտարարել» թմրամոլներին ու թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողներին, որոնց դեմ ուղղված օպերացիաների շրջանակում արդեն սպանվել է մի քանի հազար մարդ:

 

tert.am/