Ճապոնիան բողոքել է Հյուսիսային Կորեայի հրթիռների փորձարկման դեմ
Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ չնայած Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի փորձարկումը անհաջող է անցել , սակայն այն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում է համարվում: Ճապոնիայի կառավարությունը դիվանագիտական աղբյուրներով համապատասխան բողոք է հայտնել Փխենյանին այդ կապակցությամբ:
Սեուլից Associated Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ճապոնիայի ԱԳ նախարարությունը և վարչապետի գրասենյակը կիրակի օրը առանձին հաղորդագրություններ տարածելով հայտարարել են, որ Տոկիոն չի հանդուրժի Հյուսիսային Կորեայի սադրիչ քայլերը:
Ըստ հաղորդումների՝ հրթիռի տեսակը պարզվում է, բայց փորձագետները չեն բացառում, որ այն միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է: Հրթիռը արձակվելուց մի քանի վայրկյան անց այն պայթել է:
Հյուսիսային Կորեան, քննադատելով ամերիկացի զինծառայողների գործուղումը տարածաշրջան, հայտարարել է, որ Վաշինգտոնը նման քայլերով խաթարում է Կորեական թերակղզու խաղաղությունն ու անվտանգությունը և քանի դեռ այդ քաղաքականությունը շարունակվում է , ապա ինքն էլ կշարունակի իր ռազմական ծրագրերը: