Ծայրահեղականությունից փրկվելու համար անհրաժեշտ է օգտվել հնագույն քաղաքակրթություններից
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Հավաքական ջանքերն ու հնագույն քաղաքակրթությունների օգտագործումն անհրաժեշտ է ծայրահեղականությունից փրկվելու համար»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը Աթենքում «Աշխարհի 10 հնագույն քաղաքակրթություններ» խորագրով նստաշրջանի ավարտին նշել է. «Այս նստաշրջանին մասնակցող երկրների միջև համագործակցության ընդլայնմամբ և հարուստ քաղաքակրթությունների արժեքավոր ուսուցումներից օգտվելով կարելի է դիմակայել ծայրահեղականությանն ու բռնարարքներին»:
«Նման նստաշրջանները կարող են կարևոր դերակատարություն ունենալ համաշխարհային խաղաղության, անդորրի ու անվտանգության հաստատման և բռնարարքների դեմ պայքարի ուղղությամբ»,-հավելեց Զարիֆը:
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասն «Աշխարհի 10 հնագույն քաղաքակրթություններ» խորագրով նստաշրջանի ավարտին հայտարարել է, որ այսուհետ այս նստաշրջանն ամեն տարի գումարվելու է մասնակից երկրներից մեկում: Նա հավելել է. «Աթենքի նստաշրջանում որոշում ընդունվեց աշխարհում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը»:
Նստաշրջանի ավարտին որոշվեց առաջիկա տարի հնագույն քաղաքակրթությունների երկխոսությունն անցկացնել Բոլիվիայում:
Հիշեցնենք, որ աշխարհի 10 հնագույն քաղաքակրթությունների առաջին նստաշրջանը ԻԻՀ-ի, Հունաստանի, Չինաստանի, Եգիպտոսի, Իտալիայի, Հնդկաստանի, Մեքսիկոյի, Պերուի, Բոլիվիայի ու Իրաքի ԱԳ նախարարների ներկայությամբ երկուշաբթի օրը կայացավ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: