ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Փհենյանի բալիստիկ փորձարկումները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Փհենյանի կողմից բալիստիկ փորձարկումները, որոնք իրականացվել էին նախօրեին։ Այս մասին մայիսի 15-ին հայտնել է կազմակերպության կայքը։
«Այդ գործողությունը ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւի խախտում է ու սպառնում է աշխարհի ու տարածաշրջանի անվտանգությանը»,- ասվում է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։
Նա հավելել է, որ Գուտերեշը կոչ է անում Հյուսիսային Կորեային կատարել միջազգային պարտականությունները ու վերադառնալ ապամիջուկայնացման ուղի։
Փհենյանը մայիսի 14-ի առավոտյան բալիստիկ հրթիռ էր փորձարկել։ Միջին ու մեծ հեռահարության հրթիռի թռիչքը տեւել է կես ժամ, այն անցել է մոտ 700 կմ ու ընկել Ճապոնական ծովում, Կորեական թերակղզու ու Ճապոնիայի միջեւ։ Հյուսիսային Կորեայում հայտնել են, որ փորձարկման նպատակն է եղել «ծանր միջուկային մարտագլխիկի» կրման հնարավորությունը ստուգելը։
News.am